«5 տարեկան եւ ավելի փոքր երեխաները չպետք է կրեն դիմակներ:
6-11 տարեկան երեխաների դիմակ կրելու որոշումը պետք է ընդունվի ռիսկերի գնահատման մոտեցմամբ»,-այսպիսի դիտարկում են անում կրթական հաստատությունների եւ COVID-19-ի փորձագետներից կազմված տեխնիկական խորհրդատվական խմբի անդամները: Նրանց խորհուրդները տեղ են գտել ԱՀԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնագետների հետ համատեղ կազմած փաստաթղթում: Ըստ այդմ, մասնագետները նշում են, որ այն երկրներում կամ տարածքներում, որտեղ առկա է կորոնավիրուսի ինտենսիվ համայնքային փոխանցում, եւ տվյալ միջավայրերում ֆիզիկական հեռավորությունը հնարավոր չէ պահպանել, խորհուրդ է տրվում պետական քաղաքականության մշակման ժամանակ դպրոցներում՝ դասարաններում, միջանցքներում կամ ընդհանուր օգտագործման տարածքներում դիմակների օգտագործման համար կիրառել չափանիշներ: Այն է՝ 5 տարեկան եւ ավելի փոքր երեխաները չպետք է կրեն դիմակներ: 6-11 տարեկան երեխաների՝ դիմակ կրելու պարագայում պետք է հաշվի առնվեն հետեւյալ հանգամանքները՝ փոխանցման ինտենսիվությունն այն տարածքում, որտեղ երեխան գտնվում է:
Ըստ այդ փաստաթղթի, պետք է հաշվի առնել նաեւ տարիքային այդ խմբի վարակման եւ փոխանցման ռիսկի վերաբերյալ թարմ տվյալները՝ առկա փաստերը, սոցիալական եւ մշակութային միջավայրը, ներառյալ դավանանքը, սովորույթները, վարքագիծը կամ սոցիալական նորմերը, որոնք ազդում են համայնքի եւ բնակչության սոցիալական շփումների, հատկապես՝ երեխաների հետ եւ երեխաների միջեւ փոխհարաբերությունների վրա: Կրթության կազմակերպիչներին փորձագետները նաեւ խորհուրդ են տալիս հաշվի առնել երեխայի` դիմակի պատշաճ կրման կանոնների պահպանման կարողությունը եւ մեծահասակի պատշաճ վերահսկողության հնարավորությունը: Նրանց դիտարկմամբ դիմակների կրումը կարող է բացասաբար ազդել ուսման եւ սոցիալ-հոգեբանական զարգացման վրա, սպորտով զբաղվելու կամ հաշմանդամություն, ուղեկցող հիվանդություններ ունեցող երեխաների համար՝ նույնպես:
12 տարեկան եւ բարձր տարիքի երեխաները եւ դեռահասները, ըստ փորձագետների, պետք է հետեւեն դիմակների կրման նույն կանոններին, որոնք սահմանված են մեծահասակների համար: Նրանց համոզմամբ, ուսուցիչների եւ օժանդակ անձնակազմի համար դիմակի կրումը կարող է լինել պարտադիր, եթե նրանք չեն կարող ապահովել այլ անձանցից առնվազն 1 մ հեռավորության պահպանումը, կամ եթե տվյալ տարածքում առկա է վարակի համատարած փոխանցում:
Կարդացեք նաև
«Պետք է արվի ամեն ինչ, որ դիմակների կրումը չխանգարի ուսմանը: Երեխաներին չի կարելի զրկել կրթության հնարավորությունից դիմակ չկրելու կամ դիմակի բացակայության պատճառով, որը կարող է կապված լինել ռեսուրսների սղության կամ բացակայության հետ: Դպրոցներում երեխաների եւ դեռահասների՝ դիմակների կրումը պետք է համարվի ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելու համապարփակ ռազմավարության մաս: Դպրոցներում պետք է ստեղծվի թափոնների կառավարման համակարգ, ներառյալ օգտագործված դիմակների համար աղբամանները, որպեսզի աղտոտված դիմակները չհայտնվեն դասասենյակներում եւ խաղահրապարակներում»,-նշում են կրթական հաստատությունների եւ ՔՈՎԻԴ-19-ի փորձագետներից կազմված խմբի անդամները:
Նրանք կարեւոր են համարում նաեւ դպրոցների հիգիենան եւ ամենօրյա մաքրումը՝ վարակի տարածումը կանխելու համար: Մասնագետները հորդորում են կազմել ձեռքերի հաճախակի լվացման գրաֆիկ, հատկապես՝ փոքր երեխաների համար. «Այն կկիրառվի մասնավորապես՝ դպրոց մուտքի ելքի, ինչպես նաեւ դպրոցական օրվա կարեւոր պահերին, ներառյալ նախուտեստից եւ ճաշից առաջ: Օճառով եւ մաքուր ջրով կամ ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներ դնել դպրոցի մուտքի մոտ, դպրոցում ամենուրեք եւ հնարավորության դեպքում` դասասենյակներում: Ձեռքերի հիգիենայի՝ լվացման կետերի մոտ գետնի վրա կատարել նշագծումներ, որպեսզի աշակերտները սպասելիս պահպանեն ֆիզիկական հեռավորությունը: Կազմել դպրոցի տարածքի ամենօրյա, կանոնավոր մաքրման գրաֆիկ, ներառյալ զուգարանների մաքրումը, ջրով, օճառով, լվացող միջոցներով, ախտահանիչ նյութերով: Ախտահանել հաճախ դիպվող մակերեսները, այդ թվում` դռների բռնակները, դասասեղանները, խաղալիքները, պարագաները, էլեկտրական անջատիչները, դռների շրջանակները, խաղալու սարքավորումները, երեխաների՝ ուսման ընթացքում օգտագործվող պիտույքները, համօգտագործվող գրքերի կազմերը, պատրաստել ստուգաթերթեր դպրոցի մաքրող անձնակազմի համար` երաշխավորելու ամենօրյա հիգիենայի պահպանման բոլոր առաջադրանքների կատարումը եւ մաքրող անձնակազմին մաքրման ու պաշտպանիչ նյութերով, ներառյալ անհատական պաշտպանության միջոցներով»:
Աշակերտական ավտոբուսներով երթեւեկող աշակերտներին էլ, ըստ փորձագետների, պետք է ապահովել դիմակներով, ձեռքի հիգիենայի պարագաներով, ֆիզիկական հեռավորության պահպանման միջոցառումներով. «Հնարավորության դեպքում ավտոբուսի պատուհանները պետք է լինեն բաց: Աշակերտներին իրազեկել տնից դպրոց եւ դպրոցից տուն անվտանգ երթեւեկության մասին, այդ թվում՝ նրանց, ովքեր օգտվում են հանրային 10 տրանսպորտից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ