Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Խառատյան․ «Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները լռում են, որովհետեւ ակնհայտ է, որ կա օտար միջամտություն»

Հոկտեմբեր 02,2020 21:01

Ղարաբաղյան հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության եւ ահաբեկչական խմբերի մասնակցության մասին  միջազգային այն իրավապաշտպան կառույցները,  որոնք բարձր-բարձր խոսում են մարդու իրավունքներից, եթե շարունակեն լռել՝ իրենց մեղքի բաժինը կունենան

Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ  Հայաստանի՝ ՄԻԵԴ ներկայացված դիմումը ապահովում է շարունակություն, որով Հայաստանը փաստեր կարող է ներկայացնել այդ կառույցին, որ Ադրբեջանը չի կիրառում ՄԻԵԴ պարտադիր նշանակության փաստաթղթի պահանջները։ Սրան կարող է հետեւել ավելի լուրջ դիմում՝ գանգատ, կոնվենցիայի 34-րդ հոդվածը չկատարելու վերաբերյալ, այսինքն՝ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում՝ պատերազմի ժամանակ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը եւ այլն։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Հայաստանի հանրապետություն արդեն ներկայացրել է լրացուցիչ  ապացույցներ՝ Ադրբեջանի՝ խախտումները չդադարեցնելու վերաբերյալ, ՄԻԵԴ միջանկյալ միջոցի պահանջը չի կատարվում։ Այս մասին ասաց քննարկման մասնակից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Քննարկման մյուս մասնակից, Լուսինե Խառատյանը, որը փաստահավաք խմբի անդամ է, ասաց, որ առաջին իսկ օրվանից մի շարք պահանջագրեր են նախաձեռնել եւ ներկայացրել  ՄԱԿ-ին, ՄԻԵԴ-ին՝ ուղղված անմիջականորեն ագրեսիան կանխելուն․«Դա առնչվում է հետագա հնարավոր հումանիտար ճգնաժամն այս տարածաշրջանում կանխելուն, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ Թուրքիան անմիջականորեն ներգրավված է  ղարաբաղյան հակամարտությունում,  եւ իր կողմից   հովանավորվող ահաբեկչական զինյալներին է ներգրավել։ Եթե  ՄԱԿ-ը նայի մարդու իրավունքների զեկույցը՝ Սիրիայի այն տարածքներում, որտեղ Թուրքիան անմիջական ներգրավվածություն կա, այդ զեկույցը պարունակում հսկայական քանակով մարդու իրավունքների խախտումներ, Թուրքիան օժանդակում է տարբեր զինյալներին եւ այդ զեկույցում կա նկարագրություն մարդու իրավունքների խախտման մասին՝ բռնություն, բռնաբարություններ, սպանություններ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ  ուղղորդված ամեն տիպի  իրավախախտումներ։ Այսինքն, սա պետք է ահազանգ  լինի միջազգային հանրության համար, որ եթե ինքը անմիջականորեն այս պահին չկանգնեցնի Թուրքիայի հրահրած ագրեսիան տարածաշրջանում, հավանականությունը շատ մեծ է, որ սա ավելի կմեծանա  եւ սա չի վերաբերում  միայն Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքացիներին, այլ կարող է ավելի ճգնաժամի վերածվի»։

Լուսինե Խառատյանն ասաց, թե ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են՝ այս կռիվը մարդու կյանքի իրավունքի համար է, կյանքի եւ արժանապատվության,  եւ եթե այդ կառույցները, որոնք բարձր խոսում են այդ իրավունքների մասին՝ անմիջականորեն չփորձեն կանգնեցնել Թուրքիայի նման պահվածքը, նրանց պատասխանատվությունն է լինելու, հատկապես որ հայերը ցեղասպանության հիշողություն ունեն եւ հիմա էլ այս ագրեսիա դեպքում, առաջին բանը, որ անցնում է մարդկանց մտքով, դա հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունն է․ «Մենք նման բովանդակությամբ պահանջագիր ենք գրել ու հանձնել  ՄԱԿ եւ Եվրոպայի խորհրդի ներկայացուցչությանը,  էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել ենք բոլոր համապատասխան կառույցներին, նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, որոնք լռում են, եւ սա չեզոքություն ցույց տալու պատմություն չէ։ Այստեղ ակնհայտ է, որ կա օտար միջամտություն եւ միջամտող կողմն ունի շատ վատ պատմություն՝ մարդու իրավունքների հետ կապված, ուստի,  եթե շարունակեն լռել՝ նրանք իրենց մեղքն էլ կունենան»։

Արա Ղազարյանն ասաց, որ քաղհասարակության այս աշխատանքն, իրականում անգնահատելի իրավական գործընթաց է, որի միջոցով ամբողջությամբ ներկայացվում են  փաստեր ու ապացույցներ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031