Ֆրանսիայի Հանրապետության նախագահի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հարցին Եվրոպական խորհրդի արտահերթ նիստից հետո այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում
Մեր սեփական տեղեկություններով արձանագրել ենք, կարող եմ անձամբ հաստատել, որ 300 գրոհային մեկնել է Սիրիայից և ժամանել Բաքու Գազիանթեփով։ Վերոհիշյալ գրոհայինների ինքնությունը, գործունեության աշխարհագրությունը հայտնի են, նրանք նույնականացված են։ Սերում են Հալեպի շրջանում գործող ջիհադիստական խմբավորումներից։
Արձանագրված փաստ է։ Մոտավորապես նույն չափի այլ խմբավորումներ ևս պատրաստվում են։ Չէի ցանկանա Ձեզ ասել, որ սա կարմիր գիծ է, քանի որ կարմիր գիծն արդեն իսկ հատված է։ Կարմիր գիծն այլևս հատվա՛ծ է։ Եվ երբ ես ցույց եմ տվել կարմիր գիծը, այն մատնանշել եմ այլ դեպքերում, օրինակ, Սիրիայի համատեքստում, այդժամ իմ արձագանքը չի ուշացել։ Ասում եմ, որ դա անընդունելի է:
Կարդացեք նաև
Կոչ եմ անում ՆԱՏՕ-ի անդամ գործընկերներին իրատես լինել և արձանագրել, թե ինչպիսի վարք է դրսևորում ՆԱՏՕ-ի անդամ պետությունը։ Չեմ կարծում, որ այն հարիր է անդամ պետությանը։ Սա ևս մի հարց է, որի շուրջ պետք է ճշմարտության երկխոսություն ծավալենք Թուրքիայի հետ։
Առաջիկա օրերին այս հարցով կապ կհաստատեմ նախագահ Էրդողանի հետ, քանզի, կարծում եմ, որ որպես Մինսկի համանախագահ, Ֆրանսիան պարտավոր է խնդրի վերաբերյալ բացատրություններ պահանջել։ Ավելացնեմ, որ երեկ քննարկումներ եմ ունեցել նախագահ Պուտինի հետ։
Պատրաստելով եռակողմ հաղորդագրություն` հրապարակել ենք այն և կիսվել այդ տեղեկությամբ։ Կարծում եմ` կարող եմ ասել, որ ռուսական կողմն անում է նույն վերլուծությունն ինչ մենք։ Կարծում եմ նաև, որ Ռուսաստանի և տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից չափազանց վտանգավոր է հայտնվել նման իրավիճակում, զինյալ գրոհայինների դեմ հանդիման։
Ուստի շատ կարևոր է հարցի շուրջ խիստ քննարկում ունենալ Թուրքիայի հետ, հնարավորինս արագ լուծելու համար խնդիրը, որն ավելանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։
Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրություն