Ադրբեջանը պատերազմ է սկսել այն ժամանակ, երբ աշխարհը պայքարում է համավարակի դեմ: Ռազմական այդ արկածախնդրության արդյունքում ոչ միայն զինվորականներ զոհվեցին,այլեւ զոհ դարձան խաղաղ բնակիչներ, կանայք, երեխաներ, լրագրողներ, որոնք ուզում էին աշխարհին ճշմարտությունը փոխանցել, ճշմարտությունն այն մասին, որ հայերը ապրել են, ապրում են եւ ապրելու են իրենց հայրենիքում»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով՝ «Նայեք այն երեխաների աչքերին, որոնք ռմբակոծման ձայներից արթնացել են ու կհասկանաք, թե ով է ճիշտը՝ մարդիկ, որոնք իրավունք ունեն ապրել իրենց հայրենիքո՞ւմ, թե՞ մարդիկ, որոնք իբր թե ունեն սահմաններ: Այդ սահմանները Ադրբեջանը չի ունեցել ու չի ունենա»:
Որպես բժիշկ ու որպես մարդ, որն աշխարհում ամենահումանիտար մասնագիտությունն ունի, Արմեն Մուրադյանը հորդորեց աշխարհի բոլոր բժիշկներին ձայն բարձրացնել համավարակի պայմաններում պատերազմ սկսած պետության դեմ ու ագրեսորին ասել՝ դադարեցրո՛ւ:
Այս օրերին կիրառվում են մեծ տրամաչափի վտանգավոր զենքեր, Արմեն Մուրադյանն ասաց. «Այն վնասվածքները, որը մենք տեսնում ենք, ուղղակի բոլոր մարդասիրական ու համամարդկային արժեքներից դուրս են՝ հաշվի առնելով նրանց բնույթը, նրանց վնասակար ու վտանգավոր էությունը: Այսպիսով, կարող ենք գրանցել, որ այդ զենքերի կիրառումն անմարդկային բնույթ է կրում, առավել եւս՝ այն պահին, երբ մենք բոլորս համախմբված ենք՝ այլ արհավիրքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շուրջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ