«Չգիտեմ, ով՝ ինչ է հայտարարել, ինչ ինքնաթիռ են ուզել, բայց հենց այս պահին Բելգիայից բեռնատար ավտոմեքենայով հայերի հանգանակած օգնությունը ճանապարհվում է Հայաստան, որից հետո Արցախ»,–մեզ հետ զրույցում ասաց Բելգիայում ապրող մեր հայրենակից Արթուր Հարությունյանը: Վերջինս պատասխանատու է բեռների Հայաստան հասնելու համար,իսկ Բելգայից այն տեղափոխում է «Կինգ դե լյուքսե տրանս» տրանսպորտային ընկերությունը։
Հարությունյանի խոսքով, օգնություն տրամադրվել է նաեւ Նիդերլանդների հայ համայնքի կողմից։ Բելգիայում կազմակերպչական հարցերին աջակցել է Միքայել Հովհաննիսյանը։ «Մի քանի օր է, ինչ հավաքվում, դասավորվում եւ փաթեթավորվում են ապրանքները»,–ասաց մեր զրուցակիցը։
«Այն ամենը, ինչ բանակին, զինվորին պետք է առաջին անհրաժեշտության համար՝ հագուստ, դեղորայք, չոր սննդամթերք, ծածկոցներ։․․․Մի քանի օրից կհասնի տեղ, եթե ճանապարհին խանգարող տեխնիկական հանգամանքներ չլինեն»,–ասաց Արթուրը։ Ի դեպ, բացի նման օգնությունից, բելգիահայերից ոմանք նաեւ «Հայաստան» հիմնադրամ են գումար փոխանցել։
«Պարտավոր ենք անել, չեմ կարծում որեւէ մեկը, որ ունենա հնարավորություն՝ չաջակցի հայ զինվորին։ Նույնիսկ չունեւորն է ուզում ինչ–որ բան արած լինի»,–ասաց Արթուրը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ