Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնախնդիրը բռնի ուժով լուծելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են դեռևս 1990-ականներին, 2016թ.-ի ապրիլին, 2020թ.-ի հուլիսին և կձախողվեն նաև այսօր. Նաիրի Պետրոսյանի ելույթը ՄԱԿ-ում

Հոկտեմբեր 02,2020 18:18

ՄԻԽ 45-րդ նստաշրջանի օրակարգի 9-րդ կետի ներքո ընդհանուր քննարկման ընթացքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանի ելույթը, ինչպես նաև Ադրբեջանի պատվիրակի ելույթին ի պատասխան ՀՀ ներկայացուցչի մեկնաբանությունները

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանի ելույթը ՄԻԽ 45-րդ նստաշրջանի օրակարգի 9-րդ կետի ներքո ընդհանուր քննարկման ընթացքում

Հարգելի՛ Նախագահ,

Դուրբանի հռչակագիրը և Գործողությունների ծրագիրը կոչ են անում պետություններին ուշադրություն դարձնել ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և հարակից անհանդուրժողականության բացասական ազդեցության վրա և, այս համատեքստում, իրազեկել նրանց իրենց ստանձնած միջազգային պարտավորությունների վերաբերյալ:

Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես մի երկիր, որն որդեգրել է «բազմամշակութայնությունը»՝ որպես իր ազգային քաղաքականության մի մաս: Հավանաբար, նման «սրբազան առաքելությունն» իրեն կարդարացներ և կդառնար ինքնագովազդի համար հաջողության գրավական, եթե Ադրբեջանի կառավարությունը զերծ մնար ռասիզմի, այլատյացության և դրան հարակից անհանդուրժողականության սարսափելի քաղաքականություն և պրակտիկա ձևակերպելուց, որդեգրելուց և դրսևորելուց՝ հատկապես ուղղված էթնիկ հայերի դեմ:

Ավելի հստակ, եթե մեկ անձ, անկախ իր քաղաքացիությունից, կրում է «-յան» վերջավորությամբ ազգանուն, ապա այդ անձն ինքնաբերաբար դառնում է էթնիկ հայ, ով ենթարկվում է հետապնդման: Նույնիսկ այն էթնիկ հայերը, ովքեր հայերին բնորոշ անուններ չունեն հայտնաբերվում են և նրանց մուտքն Ադրբեջան արգելվում է կամ նրանք բանտարկվում են: Ադրբեջանում մի քանի պաշտոնյաներ կորցրել են իրենց աշխատանքը, երբ պարզվել է, որ նրանք հայկական ծագում ունեն: Հայտնի արձակագրի գրքերը այրվել են Ադրբեջանի փողոցներում, քանի որ նա քարոզում էր խաղաղություն և հաշտություն: Բաքվում մի քաղաքացի հետապնդվում էր պարզապես իր մեքենայում հայկական երաժշտություն լսելու համար: Մի ուսուցիչ աշխատանքից հեռացվել է դպրոցականներին սովորեցնելու համար, որ հայերը թշնամիներ չեն: Ադրբեջանում մաքսային անցակետում ակնգնեցվել և հրապարակավ այրվել են հայկական արտադրանքները, իսկ տեսանյութերը տարածվել են Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունների կողմից:

Մոտավորապես մեկ շաբաթ առաջ` Վրաստանի «Գզավնիլի» (“Gzavnili”) և «Փոստալոն» (“Postalon”) երկու մասնավոր ընկերությունները տեղեկացրին իրենց հաճախորդներին, որ չեն կարողանա սպասարկել հայկական ազգանուններ ունեցող անձանց, քանի որ Ադրբեջանի մաքսատունը առգրավել է յուրաքանչյուր ծանրոց, որը կրում է հայկական հնչեղություն ունեցող անուն:

Լուրջ մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ Ադրբեջանը ջանք չի խնայում տարածելու հայերի և Հայաստանի նկատմամբ իր ատելության քաղաքականությունը իրեն հասանելի ցանկացած վայրում: Հաշվի առնելով Ադրբեջանի նավթի և գազի առևտրի եկամուտները, վերջինս կարող էր բավականին շատ ռեսուրսներ հատկացնել նման կասկածելի քաղաքականության տարածմանը:

Ադրբեջանի կողմից հայերի ինքնության դեմ ամենադաժան հանցագործությունները ճանաչվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երկու տարբեր վճիռներով:
Շնորհակալություն:

1.ՄԻԽ 45-րդ նստաշրջան. Օրակարգի 9-րդ կետի ներքո Ընդհանուր Քննարկման ընթացքում Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ Հայաստանի առաջին պատասխանի իրավունքը

Հարգելի Նախագահ,

Հայաստանը ցանկանում է օգտագործել պատասխանի իր իրավունքը՝ անդրադառնալու համար Ադրբեջանի ներկայացուցչի արած հայտարարությանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հայերի ինքնության դեմ ամենադաժան հանցագործություններին երկու առանձին վճիռներով. մեկը` հայի կացնով դաժան սպանության վերաբերյալ, վերջինիս քնած լինելու ժամանակ, մյուսը` Ադրբեջանում հայ կալանավորի հանդեպ խոշտանգումների և դրան հաջորդած սպանության վերաբերյալ:

Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ անհանդուրժողականության և այլատյացության ներկայիս քաղաքականությունը փաստագրված և զեկուցված է, այդ թվում՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի և Եվրախորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից:

Ենթադրյալ հակադարձման և մեղադրանքների փոխարեն՝ Ադրբեջանն ավելի լավ է կենտրոնանա քննարկվող խնդրի վրա, այն է՝ ռասիզմ, ռասայական խտրականություն, այլատյացություն և հարակից անհանդուրժողականություն: Ցավով ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի կողմից արված հայտարարությունն ինքնին մատնանշում է առկա խնդիրը, այն է՝ հայկական համաշխարհային դավադրության երևակայական տեսլականը, որի դեմ Ադրբեջանն անձնվիրաբար պայքարում է:

Ադրբեջանն արդար կգտնվի իր ժողովրդի և ընդհանրապես աշխարհի հանդեպ, եթե դադարի գրքեր վառել` «Հայաստան» բառը գրքի կազմին ունենալու պատճառով: Վերոնշյալի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում` մենք պատրաստ ենք ներկայացնել հիմնավոր ապացույցներ:
Շնորհակալություն:

2.ՄԻԽ 45-րդ նստաշրջան. Օրակարգի 9-րդ կետի ներքո Ընդհանուր Քննարկման ընթացքում Ադրբեջանի հայտարարության վերաբերյալ Հայաստանի 2-րդ պատասխանի իրավունքը

Հարգելի՛ Նախագահ,

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության ու ենթակառուցվածքների նկատմամբ լայնածավալ հարձակումը, անխնա օդային և հրետանային ռմբակոծությունները, որոնք Ադրբեջանը սկսել է ս.թ. սեպտեմբերի 27-ից, շարունակվում են մինչ օրս: Այն ուղեկցվում է զանգվածային ատելության խոսքով և բռնության ագրեսիվ կոչերով, ներառյալ` հայերի լիակատար բնաջնջման դրդմամբ:

Ադրբեջանը և Թուրքիան լայնածավալ ագրեսիա են իրականացնում Արցախի և Հայաստանի նկատմամբ, ընդդեմ ժողովրդավարության և մարդու իրավունքների: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են» այժմ կասկածի տեղիք չի տալիս՝ հատկապես պայմանավորված նրանց վարած ավտորիտար կառվարման ձևով և հարևանների նկատմամբ նրանց ծավալապաշտական քաղաքականությամբ:

Տարածաշրջանի բնակիչները չափազանց թանկ գին են վճարում այս բռնապետությունների ռազմական արկածախնդիր գործունեության համար: Կան հավաստի տեղեկություններ, որ Ադրբեջանն առաջնագիծ է ուղարկում հիմնականում իր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Թուրքիայի դիրքորոշումը մեզ համար զարմանալի չէ: Թուրքական տրամադրությունները Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ մեկի համար գաղտնիք չեն: Վերջինս բոլոր հնարավոր միջոցներով աջակցում է Ադրբեջանին՝ Հարավային Կովկասում նույն ցեղասպանական նկռտումներն իրականացնելու նպատակով: Այսպիսով, այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև: Ադրբեջանա-թուրքական դաշինքը պատերազմ է մղում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ, այդ թվում` օտարերկրյա ահաբեկչական մարտիկների օգտագործմամբ և ներգրավմամբ:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բռնի ուժով լուծելու Ադրբեջանի փորձերը ձախողվել են դեռևս 1990-ական թվականներին, 2016 թվականի ապրիլին, 2020 թվականի հուլիսին, և կձախողվեն նաև այսօր:

Շնորհակալություն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031