Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղոթում ենք ձեզ համար, չպակասեք…». Լոռեցիները շարունակում են աջակցել՝ ով ինչպես կարողանում է

Հոկտեմբեր 02,2020 17:45

Լոռեցի կամավորականները նույնպես շարունակում են ներկայանալ պահեստազորայինների նախնական հավաքակետ, որ իրենք էլ կանգնեն սահմանում ծառայող տղաների կողքին: Վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո, մարդիկ գալիս ու հերթագրվում են, սպասելով՝ ճակատ մեկնելու իրենց հերթին:

Իսկ նրանց կողքին՝ Վանաձորի տարբեր հատվածներում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք մնալով թիկունքում, փորձում են իրենց ներդրումն ունենալ երկրի խաղաղության գործին: Զինվորների ու Արցախի բնակիչների համար Վանաձորում նույնպես հավաքում են սնունդ, դեղորայք, հագուստ ու առաջին անհրաժեշտության պարագաներ:

Առաջին իսկ օրվանից Վանաձորի Հայքի հրապարակում, Տիգրանը՝ մի խումբ երիտասարդների հետ նախաձեռնեց առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրում:

Կամավորականներից մի երիտասարդ, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այս պահին ավելի շատ կա՝ տաք հագուստի, գլխարկի, ձեռնոցների, քնապարկի ու ծխախոտի կարիք. «Սկզբի 4 օրն ակտիվությունն ավելի մեծ էր, հիմա մի փոքր ավելի պասիվ են, բայց մենք մինչեւ վերջ շարունակելու ենք: Արդեն 4 ավտոմեքենա տարել ենք ՀՀ-ի սահմաններում, եւս 4-ը Արցախի Հանրապետություն ենք տարել: Բացի այդ տեղում ծանոթանում ենք նաեւ Արցախից եկած ընտանիքիների կարիքներին, որից հետո այդ ընտանիքիներին ապահովում ենք անհրաժեշտ իրերով»:

Կամավորականներից Մենուան էլ վստահեցնում է՝ բոլոր իրերը հասնում են իրենց հասցեատերերին. «Քառօրյայի ժամանակ բոլորս էլ տեսանք, որ կան բաներ, որոնք չհասան զինվորներին, դրա համար մենք մեր ձեռքով տանում ենք առաջնագիծ: Հիմա անհանգստություն չկա, մենք տեղեկացնում ենք, թե քանի մեքենա որտեղ տարվեց, որ սնունդը ուր հասավ, որ մարդիկ տեղյակ լինեն»:

Ալլա Ղազարյանն էլ «Պարգեւիր ժպիտ» խմբի ղեկավարն է: Այժմ իր թիմի հետ իրականացնում է հագուստի հավաքման աշխատանքներ: Բացի այդ, իրականացնում են նաեւ մաքրման աշխատանքներ, այն տարածքներում, որտեղ պետք է ապաստանեն Արցախից ժամանած մեր հայրենակիցները. «Մեր կամավորական ջոկատով իրականացնում ենք հագուստի եւ այլ անհրաժեշտ պարագաների հավաքագրում: Ինչպես նաեւ տարածքներում, որտեղ մնալու են Արցախից եկած մեր բարեկամները, կատարում ենք նաեւ՝ մաքրման, հարդարման ու կահավորման աշխատանքներ: Անհրաժեշտության դեպքում նաեւ ճաշարանում ենք օգնում: Այս կերպ փորձում ենք մեր աջակցությունն էլ ցուցաբերել»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031