Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհուրդը պատրա՞ստ է Ադրբեջանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել. Հայ դատի գրասենյակները և հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնամուխ են եղել Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանությանը

Հոկտեմբեր 02,2020 17:21
hyd

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնամուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Կոնգրեսական Ջեքի Սփիըրը միացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ինչպես նաև Թուրքիայի միջամտությունը դատապարտող երկկուսակցական բանաձևին։

Ամերիկացի կոնգրեսական Ջեքի Սփիըրն իր գործընկերների հետ ներկայացրել է բանաձև, որը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունն ընդդեմ Արցախի, ինչպես նաև դատապարտում է այդ հարձակմանը Թուրքիայի մասնակցությունն ու դրանով իրավիճակի սրումը:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակը, բանաձևի համահեղինակներն են Ադամ Շիֆը, Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Բրեդ Շերմանը, Աննա Էշուն, Դևիդ Սիսիլինը, Զոե Լոֆրենը: Այս բանաձևն արտացոլում է Կոնգրեսի երկու կուսակցությունների անդամների կողմից Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակման դատապարտումը:

Վերջինս ընդգծել է, որ Կոնգրեսը գործի է անցել, սակայն նախագահի վարչակազմը քայլեր չի ձեռնարկում Բաքվի անխոհեմ ագրեսիային կամ Թուրքիայի համառ միջամտությանը դեմ դուրս գալու համար:

  • Հարավային Ամերիկա

Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբից տեղեկացնում են, որ ակտիվ աշխատանքների արդյունքում Չիլիի Խորհրդարանն ընդունել է Արցախին սատարող բանաձև, որում երկրի նախագահին կոչ է արվում «տեղեկացնել Ադրբեջանին, Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, որ Չիլին կոչ է անում անհապաղ դադարեցնել հարձակումները եւ շարունակել հակամարտության խաղաղ, իրավական եւ պատմական լուծում փնտրել ՄԱԿ-ում եւ միջազգային կազմակերպություններում` միջազգային օրենսդրությանը եւ ուժի կիրառման արգելման, ազգերի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, ժողովուրդների ինքնորոշման եւ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքներին համապատասխան»: Չիլիի օրենսդիրները նաև խստորեն քննադատել են «հակամարտության կողմ չհանդիսացող ցանկացած կառավարության կողմից ռազմական գործողություններին աջակցելու եւ ռազմական օգնություն առաջարկելու գործողությունները» ։

  • Եվրոպա

Բելգիայի հայ համայնքը Եվրոպական Միության ղեկավար հաստատությունների առաջ իրականացրել է բողոքի խաղաղ ցույց՝ կոչ անելով գործուն քայլերով դադարեցնել ադրբեջանաթուրքական ագրեսիան։

Բելգիայի Ֆլամանդական և Արցախի Խորհրդարանների մեջ գործող բարեկամական խմբի անդամներն իրենց հերթին խոտորեն դատապարտել են Արցախի վրա ադրբեջանական հարձակումը։

Եվրոպական Խորհրդարանի թվով 24 պատգամավորներ գրավոր հարցում (written quastion) են ուղարկել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ հարձակման վերաբերյալ` հետևյալ հարցերով՝

1․Ի՞նչ է անելու Եվրոպական խորհրդի նախագահը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հրադադարի ռեժիմի վերականգման համար:

2.Ինչպիսի՞ գործողություններ է պատրաստ Եվրոպական խորհրդի նախագահը իրականացնել, անհրաժեշտ ճնշումների միջոցով Ադրբեջանի կառավարության ստիպելու ռազմական գործողությունները դադարեցնելու և իր զորքերը դուրս բերելու համար:

3.ԵՄ-ն շարունակում է մնալ Ադրբեջանի ամենամեծ արտահանողը և երկրորդ ներմուծման շուկան ՝ 51% բաժնեմասով Ադրբեջանի արտահանման և 16% բաժնեմասի Ադրբեջանի ներմուծման մեջ: Եվրոպական խորհուրդը պատրա՞ստ է Ադրբեջանի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ կիրառել:

  • Կանադա

Կանադայի Հայ դատի հանձնախումբը ակտիվորեն շարունակում է ստորագրահավաք իրականացնել, որն ուղղված է արտգործնախարար Ֆ․Ֆ․ Շամպայնին։ Դրանով կոչ է արվում պաշտոնապես դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ շղթայազերծված թուրք-ադրբեջանական ռազմական գործողություններն ու կասեցնել կանադական զենքի վաճառքը Թուրքիային։

  • Ավստրալիա

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբին, ավստրալահայ գաղութին տարբեր ձևերով համերաշխություն են հայտնել և ադրբեջանաթուրքական ագրեսիան խստորեն դատապարտել  Ավստրալիայում պոնտացիների ասոցիացիայի ղեկավար Պետեր Սթեֆանդիսը,  խորհրդարանի անդամներ Ջոն Ալեքսանդրը, Ջոշ Բըրնսը և ուրիշներ։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը սկսել է ստորագրահավաք, որը տեղական SBS հեռուստաալիքին կոչ է անում անհապաղ դադարեցնել թուրքական TRT հեռուստաընկերությունից պարբերաբար լուրերի հեռարձակումը։

Հանձնախումբը Դաշնային կառավարությանը կոչ է արել հետաքննության ենթարկել Ալիևի բռնապետական ընտանիքին պատկանող օդանավերով Ավստրալիայից Ադրբեջան կատարվող թռիչքները։ Հանձնախմբի կողմից ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի՝ միջազգային ահաբեկչական կառույցների և զենքի անօրինական փոխադրման մեջ ներգրավված լինելը։

Հանձնախումբը հրապարակայնորեն դատապարտել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի վերաբերյալ, քանի որ նախարարը իբրև ռազմական գործողությունները սկսող կողմի չի հիշատակել Ադրբեջանին և Թուրքիային, չի մատնանշել ագրեսիայի իրական հեղինակներին։ Հանձնախումբը ավստրալական իշխանություններին կոչ է արել հանցագործությունների հեղինակներին կոչել անվանապես, և անդրադառնալ հակամարտությունում Թուրքիայի և իսլամիստ ահաբեկիչների ներգրավվածությանը։

*Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի սանձազերծումից հետո ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը ամբողջ աշխարհում ձեռնամուխ են եղել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանությանն ու օբյեկտիվ տեղեկատվության ներկայացմանը՝ կիրառելով լոբբիստական համալիր գործիքակազմեր։

Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը մշտական կապի մեջ են նաև լրագրողական համայնքի ներկայացուցիչների և միջազգային առաջատար լրատվամիջոցների հետ, որպեսզի տեղեկատվահաղորդակցական պայքարում ապահովեն օբյեկտիվ լրատվություն։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակը մամուլի համար պարբերաբար հրապարակում է ամփոփագրեր, որոնց նպատակն է կենտրոնացված ներկայացնել Հայ դատի համաշխարհային ցանցի կողմից այս օրերին իրականացվող լայնածավալ և բազմաշերտ աշխատանքների առավել ակներև արդյունքները։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031