Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մարտական գործողությունները բացասաբար կանդրադառնան բնակչության հոգեկան առողջության վրա, որոնք առանց այդ էլ գրեթե 30 տարի ապրել են հակամարտության ազդեցության ներքո»

Հոկտեմբեր 02,2020 16:10

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց՝ քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը։

Շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին։

«Մարտական գործողությունների ուժգնացումից ի վեր՝ ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։ Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտավարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», – ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։

«Մենք արդեն ականատես ենք լինում քաղաքացիական անձանց վրա այս էսկալացիայի սարսափելի հետևանքներին։ ԿԽՄԿ-ն պատրաստ է աջակցել նրանց առաջին իսկ հնարավորության և անհրաժեշտության դեպքում։ Մենք նաև պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության տեղական մասնաճյուղերին համայնքների հետ իրենց աշխատանքում»,- ասել է Գերարդո Մոլոժնիկը, Ադրբեջանում ԿԽՄԿ Բարդայի գրասենյակի ղեկավարը։

ԿԽՄԿ-ն հաղորդումներ է ստացել ապահով վայր տեղափոխվել ու իրենց ընտանիքներին տեղափոխել ցանկացող մարդկանցից։ Շատ ընտանիքներ, այդ թվում՝ նորածիններ ու փոքրահասակ երեխաներ, օրեր ու գիշերներ են անցկացնում իրենց տների չջեռուցվող նկուղներում՝ փորձելով պատսպարվել բռնությունից։

Հաղորդվում է նաև ծանր հրետակոծման հետևանքով ոչնչացված հարյուրավոր տների ու քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների մասին, իսկ վնասված տներում մնացած մարդիկ շարունակում են ենթարկվել չպայթած զինամթերքի վտանգներին։

Այս նոր զարգացումները կատարվում են ձմռան շեմին, երբ երեխաները ընդամենը մի քանի շաբաթ էին հասցրել դպրոց հաճախել, և այն դեպքում, երբ մարդիկ արդեն իսկ փորձում էին պաշտպանվել նոր կորոնավիրուսի համավարակի հետևանքներից։

«Մարդիկ կապ են պահպանում ԿԽՄԿ-ի հետ․նրանք ահաբեկված են սեփական կյանքին ու իրենց ընտանիքներին սպառնացող վտանգներից ու շփոթված՝ չիմանալով՝ ինչ անել ապահով մնալու համար։ Նրանք հայտնվում են կրակոցների տակ և խորապես անհանգստացած են իրենց անվտանգության ու ապագայի համար։ Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նրանց, ովքեր զգում են այս բռնության էսկալացիայի ազդեցությունը։ Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները», – նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը։

ԿԽՄԿ-ն ծայրահեղ անհանգստացած է ներկայիս ճգնաժամով և բնակչության տեղահանումներով, որոնք կարող են նաև հանգեցնել նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճին՝ հաշվի առնելով, որ մարդիկ ստիպված են ժամեր անցկացնել բավարար պայմաններ չունեցող ապաստարաններում և կոմունալ շինություններում։

Ավելին՝ ուժգնացած մարտական գործողությունները բացասաբար կանդրադառնան բնակչության հոգեկան առողջության վրա, որոնք առանց այդ էլ գրեթե 30 տարի ապրել են հակամարտության ազդեցության ներքո։ Նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում նրանք այժմ էլ ավելի անհանգստացած են իրենց առողջության ու ապագայի համար։

ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ․-ից ի վեր՝ իրականացնելով իր մարդասիրական գործունեությունը Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Բաքվում և Երևանում գտնվող իր պատվիրակությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծին կից ապրող քաղաքացիական բնակչությանը։

Բացի այդ, ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում՝ պարզելու անհայտ կորած անձանց ճակատագրերն ու աջակցելու նրանց ընտանիքներին, ինչպես նաև այցելում է ազատազրկված անձանց և հանդես գալիս որպես չեզոք միջնորդ՝ աջակցելով ազատ արձակվող անձանց արտահանձմանն ու հայրենադարձմանը կամ մահացած զինվորների աճյունների վերադարձին։

Մենք սերտորեն համագործակցում ենք Հայկական Կարմիր խաչի և Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությունների հետ՝ համակարգելով Ղարաբաղյան հակամարտությունից ամբողջ տարածաշրջանում տուժած անձանց աջակցությանն ուղղված աշխատանքները։

ԿԽՄԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031