Աշխարհը պետք է զսպի Էրդողանին
«Informer»-ին տված հարցազրույցում Սերբիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է արձագանքի և դադարեցնի հակամարտությունը, որն Ադրբեջանը սկսեց Լեռնային Ղարաբաղում, քանի դեռ այն ավելի մեծ և դրամատիկ չափերի չի հասել»:
Նա նշում է. «Աշխարհը պետք է զսպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին և զենքով ու բանակով օգնում ոչնչացնել հայերին»:
Հովակիմյանը նշում է, որ վերջին հակամարտությունը Կովկասում սկսվել է ադրբեջանական բանակի կողմից առանց որևէ հայտարարության: Կիրակի առավոտյան ժամը յոթին Լեռնային Ղարաբաղի սահմանագծում Ադրբեջանը սկսեց հրթիռներ արձակել «Գրադ» և «Սմերչ» հրթիռային համակարգերից, անցավ ցամաքային հարձակման, ինչպես նաև գրոհների՝ անօդաչու թռչող սարքերի և ռազմական ինքնաթիռների կիրառմամբ: Հակառակորդը թիրախավորում էր ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական դիրքերը: Ավերվել են բազմաթիվ բնակավայրեր, կան մեծ թվով զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում: Չսահմանափակվելով Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ հարձակումներով՝ ադրբեջանական կողմը թիրախավորեց նաև Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները:
Կարդացեք նաև
Հարց․ Ո՞րն էր հարձակման անմիջական պատճառը:
Աշոտ Հովակիմյան․ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ցանկացած փոխզիջումային լուծում: Թեև հակամարտության կարգավորման մի քանի սկզբունքներ համաձայնեցվել են ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցություններում, մասնավորապես՝ միջազգային իրավունքի հարգումը, տարածքային ամբողջականությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը և ուժի չկիրառումը, այնուամենայնիվ, Ադրբեջանը դրանք չի ընդունում: Ադրբեջանը չի ցանկանում որևէ փոխզիջում: Փոխարենը, խոսում է վերջնագրերի լեզվով, և չի ընդունում այլ բան, քան Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելը։
Հարց․ Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց անցնել ռազմական հարձակման հենց հիմա:
Աշոտ Հովակիմյան․ Այդ երկիրը տարիներ շարունակ զինվում է: Թուրքիան իր դաշնակցին օգնում է այդ հարցում: Վերջին երեք օրվա ընթացքում մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից օգտագործվում թուրքական F-16 ինքնաթիռներ, որոնք մնացել էին Ադրբեջանում վերջերս Թուրքիայի հետ համատեղ անցկացված զորավարժություններից հետո: Բացի այդ, Սիրիայից հազարավոր ահաբեկիչներ են տեղափոխվել Ադրբեջան, ովքեր մարտեր են մղում ադրբեջանական բանակի հետ միասին: Այսպիսով, ակնհայտ է, որ հարձակումը նախապես պլանավորված էր:
Հարց․ Բայց ինչո՞ւ հենց հիմա:
Աշոտ Հովակիմյան․ Ադրբեջանն օգտվեց բանակցությունների ժամանակավոր դադարից: Ըստ ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկել և որևէ լուծում չի առաջարկել, ինչը ճիշտ չէ: Բաքուն օգտվեց աշխարհում տիրող իրավիճակից՝ ներառյալ կորոնավիրուսային համաճարակը, այն պահից, երբ բոլոր երկրները փորձում են փրկել իրենց քաղաքացիներին մահացու վիրուսից: Բացի այդ, Ադրբեջանը լիակատար աջակցություն ու օգնություն է ստանում Թուրքիայից:
Հարց․ Իսկ Հայաստանն աջակցություն ստանու՞մ է Ռուսաստանից:
Աշոտ Հովակիմյան․ Ռուսաստանը մեր կարևոր դաշնակիցն է ո՛չ միայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում: Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ միջազգային հանրության աջակցությունը, որ Մոսկվայի հետ միաժամանակ անընդհատ կոչ է անում նվազեցնել լարվածությունը և դադարեցնել ռազմական գործողությունները: Այդուհանդերձ մեր հարևաններն ականջալուր չեն լինում, ուստի Հայաստանը ստիպված է պաշտպանվել:
Հարց․ Ինչպե՞ս կարող է ավարտվել այս հակամարտությունը:
Աշոտ Հովակիմյան․ Միջազգային հանրությունը, որն արդեն կոչ է արել Ադրբեջանին և Էրդողանին դադարեցնել բռնությունները, պետք է նրանց ստիպի դա անել: Հակառակ դեպքում այս հակամարտությունը կարող է ավելի մեծ ծավալներ ստանալ և ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը, նույինսկ՝ աշխարհը:
Հարց․ Իսկ Հայաստանն ունի՞ որևէ առաջարկ:
Աշոտ Հովակիմյան․ Մենք ցանկանում ենք, որ Ադրբեջանը վերսկսի բանակցությունները: Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որը հակված է երկխոսության և խնդրի քաղաքական լուծման: Այնուամենայնիվ, մենք այժմ հարկադրված ենք պաշտպանել մեր ազատությունը: