Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքագետ. «Վարձկանների ներկայությունը համաշխարհային ահաբեկչության տեղափոխումն է Հարավային Կովկաս»

Հոկտեմբեր 02,2020 15:04

«Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում կայացած ասուլիսում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, Թուրքիայի ներգրավվածությունը եւ միջազգային հանրության արձագանքին:

«Վարձկանների առկայությունը Հարավային Կովկասում բացարձակ նոր երեւույթ է: Եթե 90-ականների սկզբերին Արցախյան առաջին գոյամարտի շրջանում եղել են վարձկաններ, ապա հիմա արդեն վարձկանների ներկայությունը Հարավային Կովկասում պետք է դիտարկել որպես համաշխարհային ահաբեկչության մեկ հատվածի տեղափոխումը Հարավային Կովկաս: Այսինքն` համաշխարհային ծայրահեղական շարժումը, ահաբեկչությունը սկսում է տարածվել նաեւ Հարավային Կովկասում, իսկ սա արդեն մի երեւույթ է, որի նշանակությունը պետք է դիտարկել ոչ միայն տարածաշրջանային անվտանգության տեսակետից, այլ այն առումով, ազդեցություն է ունենալու համաշխարհային զարգացումների վրա, եւ պատահական չէ, որ եւ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի, եւ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից արդեն պաշտոնապես սկսեց հնչել ահազանգ դրա վերաբերյալ»,-նշեց թուրքագետը:

Պարոն Սաֆրաստյանը նշեց, որ ահաբեկիչների, վարձկանների, զինյալների եւ ջիհադիստների ներկայությունը մեր տարածաշրջանում՝ Ադրբեջանի բանակի կազմում հայկական կողմից արդեն բավական երկար ժամանակ բարձրաձայնվել է. «Մինչեւ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սկիզբը մենք դրա մասին խոսում էինք, բարձրաձայնում այդ վտանգը, հետագայում տեսանք, որ ժամանակի ընթացքում տեղի ունեցավ վտանգի մասին տեղեկությունների տարածումն աշխարհով մեկ եւ գիտակցում այդ վտանգի, ինչը նշանակում է, որ կարողացավ մեր դիվանագիտությունը ահազանգը տեղ հասցնել՝ աշխարհի ուժեղ պետություններին; Եվ սա նաեւ վկայում է այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան կարողացան միասնական մոտեցում ձեւավորել Հարավային Կովկասում՝ ադրբեջանական բանակի կազմում ահաբեկիչների, վարձկանների առկայության վերաբերյալ: Սա նշանակում է, որ հնարավոր է հասնել երեք հիմնական մասնակիցների՝ Մինսկի խմբի համանախագահողների միասնական գործողություններին գոնե այս մասով»:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական կողմը ագրեսիային նախապատրաստվելիս հենց սկզբից ցույց է տվել, որ վարձկանների գործոնը կարեւորում է. «Կան տվյալներ, որ դեռեւս օգոստոսից իրենք սկսել են վարձկաններին հավաքագրել, խոստանալ մեծ գումարներ: Նկատի ունեմ Սիրիայում թուրքական ազդեցության տակ գտնվող ջոկատների զինյալներին շահագրգռել են, որ գումարը կլինի շատ ավելի մեծ, քան ստանում են:

Մենք հիշում ենք, որ ագրեսիայի նախօրեին եւ առաջին երկու օրվա ընթացքում Թուրքիայում պաշտոնապես հնչում էին հայտարարություններ առ այն, որ իբր հայկական բանակի կազմում 8 կան զինյալներ: Դա ապատեղեկատվություն էր, որը նրանք սկսեցին տարածել, որպեսզի իրական լուրերը՝ վարձկանների առկայության մասին ադրբեջանական բանակում, լսելի չդառնան, դրանց վրա ուշադրություն չդարձվի եւ ուշադրությունը կենտրոնանա իրենց տարածած ապատեղեկատվության վրա: Եվ նախապատրաստվելու փուլում, եւ տեղեկատվական պատերազմի տեսանկյունից Թուրքիան բավականին մեծ աշխատանք է կատարել»:

Թուրքագետի ձեւակերպմամբ, Թուրքիան չի ընդունում այդ փաստերը, որոնց վերաբերյալ արձագանքներ են հնչում ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից եւ այլ երկրներից. «Բայց ես կարծում եմ, որ վարձկանների խնդիրը մոտակա մեկ-երկու օրվա ընթացքում ավելի մեծ արձագանք կստանա աշխարհում, նաեւ հույս ունեմ, որ համապատասխան գնահատական կլինի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031