Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ հավատարիմ միջազգային ֆուտբոլային ընտանիքի կողմից որդեգրված ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, մինչ օրս զերծ է մնացել քաղաքական հայտարարություններ անելուց՝ կապված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետ։
ՀՖՖ-ն, պահպանելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կողմից նմանատիպ իրավիճակների համար սահմանված կարգավորումները, բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, որն առնչվում է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ղեկավար Ռամին Մուսաևի քաղաքական հայտարարություններին, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի կայքում 13-ամյա ադրբեջանցի ֆուտբոլիստ Շահրիյար Քուրբանովի մահվան մասին ապատեղեկատվության հրապարակմանը և ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Լեգիա»-«Ղարաբաղ» խաղից առաջ հայկական կողմի հնարավոր սադրանքի վերաբերյալ ԱՖՖԱ-ի կողմից ՈՒԵՖԱ ներկայացված դիմումին։
Ի հակադրություն դրան, Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան և այդ երկրի ակումբներն օգտագործում են ֆուտբոլային հարթակը խիստ քաղաքական հայտարարություններ անելու, փաստերը մանիպուլացնելու, ապատեղեկատվություն տարածելու, ֆուտբոլային դաշտում միլիտարիստական պահվածք դրսևորելու համար։ Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը ռմբակոծում է հայաստանյան բնակավայրերը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցել է դաշտեր՝ երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տալու համար։ Դա, օրինակ, վերաբերում է Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ գյուղին, որտեղ արհեստական դաշտի կառուցումը հնարավորություն էր տվել բազմաթիվ երեխաներին զբաղվել ֆուտբոլով։ Վերջին օրերին Մեծ Մասրիկը, ինչպես նաև Վարդենիսի ողջ տարածաշրջանը ռմբակոծում են, մարդիկ զրկված են բնականոն կյանքով ապրելու, երեխաները՝ ֆուտբոլ խաղալու հնարավորությունից, ինչը կարող է հանգեցնել հումանիտար աղետի։
ՀՖՖ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիայի նման գործելաոճը, հայտարարում է, որ հավատարիմ է մնում ֆուտբոլը չքաղաքականացնելու սկզբունքին, կոչ է անում միջազգային ֆուտբոլային ընտանիքի անդամներին տուրք չտալ ադրբեջանական կողմի քաղաքական հայտարարություններին և դատապարտել ռազմատենչության բոլոր դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում։
Կարդացեք նաև
Հ․Գ․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ԱՖՖԱ-ի գործողությունների մասին տեղեկացրել է ՈՒԵՖԱ-ին, ՖԻՖԱ-ին և այդ կառույցների անդամ բոլոր ասոցիացիաներին։
ՀՖՖ