Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կյանքն ընթանում է բնականոն հունով, խուճապային տրամադրություններ չկան, աշխատում են թե պետական, թե մասնավոր հիմնարկ-ձեռնարկությունները: Կրթական հաստատություններում էլ դասապրոցեսներն են շարունակվում իրենց հունով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը:
Երեկ գիշերը, հիշեցնենք, Աբովյանում հակառակորդի անօդաչու թռչող սարք է խոցվել: Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում ՀՀ ՀՕՊ ուժերի կողմից ոչնչացված բոլոր չորս անօդաչու թռչող սարքերն էլ հետախուզական են եղել:
Պայթյունների արդյունքում քաղաքում ոչինչ չի վնասվել:
Երեկ լուրեր էին պտտվում, թե հավանական է՝ քաղաքի բնակչությանը տարհանեն: Վահագն Գեւորգյանն ասում է՝ նման բան չկա. «Պարզապես, երբ պայթյունների ձայները լսվեցին, մարդիկ սկսեցին պատսպարվել նկուղներում: Շատերը, բնականաբար, վախեցած էին՝ կանայք, երեխաներ, իրենց համար անհասկանալի էր: Նաեւ՝ պայթյունի ձայնն էր ուժեղ: Բայց այս պահին ամեն ինչ հանգիստ է: Բնականոն հունով ապրում ենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ