Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք այն ահաբեկիչներն են, որոնք Սինջարում ցեղասպանեցին 600 000 մարդու». եզդի իրավապաշտպան

Հոկտեմբեր 02,2020 13:55

Մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական հասարակությանը միավորող կառույցներ այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ցույց էին անում: Նրանք գրասենյակին փոխանցեցին բողոք-նամակ՝ միջազգային կառույցներից պահանջելով դատապարտել Ադրբեջանի կողմից Թուրքիայի մասնակցությամբ սեպտեմբերի 27-ից Արցախի եւ Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիան:

«Այն կառույցները, որոնք նման իրավիճակներում խոսում են մարդու իրավունքներից, դատարկ հայտարարությունների փոխարեն պետք է գնան լուրջ քայլերի եւ Թուրքիայի ագրեսիայի դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, այլապես այս կոնֆլիկտը տարածաշրջանի համար հումանիտար ճգնաժամի վերածվելու միտում ունի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բողոքի ցույցի նախաձեռնողներից Լուսինե Խառատյանը: Նրա բնորոշմամբ՝ ահաբեկչական գործոնին հատուկ բռնությունը, բռնաբարությունը, սպանությունը, գողությունը, եւ այս ամենն ամփոփող իրավիճակը վտանգավոր է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ տարածաշրջանի եւ աշխարհի համար:

Կազմակերպիչներից Անահիտ Սիմոնյանն էլ նկատեց՝ Ադրբեջանը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը. «Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ այս առիթով հայտարարություն տարածեց՝ բացարձակ չստանձնելով պատասխանատվություն: Իրավիճակը զավեշտալի է, իսկ մարդու իրավունքների պաշտպանության մանդատը ստանձնած միջազգային իրավապաշտպան կառույցների լռությունը՝ անընդունելի: Սա նշանակում է, որ սահմանի երկու կողմում մարդկային կյանքերի կորստի փաստն անտեսվում է: Միջանկյալ կեցվածք որդեգրելը եւ չասելը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը, իսկ Թուրքիան՝ աջակցել տեռորիզմի տարածմանը, նշանակում է՝ նպաստել այս ամենին»:

Սիմոնյանը հույս հայտնեց, որ ՄԱԿ-ի գործընկերները, Եվրոպայի խորհուրդը եւ միջազգային իրավապաշտպան կառույցները պատշաճ կարձագանքեն Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիային:

Անդրադառնալով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից արցախյան առաջնագծում Սիրիայից բերված վարձկանների օգտագործմանը՝ «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ փոխնախագահ, եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը շեշտեց՝ ահաբեկչական խմբավորումների մասնակցությունը փաստ է. «Տեղաշարժի քարտեզին նայելով՝ կարող ենք արձանագրել. դրանք այն նույն ահաբեկիչներն են, որոնք 2014թ.-ին Սինջարում՝ եզդիաբնակ Շանգալում, ցեղասպանեցին 600 000 մարդու, բռնաբարեցին կանանց եւ մինչեւ հիմա ստրկության մեջ են պահում: Ալիեւին, Էրդողանին կանգնեցնելը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ»:

https://www.facebook.com/nina.karapetyants/videos/3753118358034600/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031