Ուկրաինայի նախագահ Զելենսկու կուսակցության ներկայացուցիչ` Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է Բաքվին օժանդակություն ցուցաբերելու մտադրության մասին:
Մշտապես իր ոչ ադեկվատ վարքով աչքի ընկնող այդ պատգամավորը ուկրաինական պառլամենտի թուրք-ուկրաինական միջխորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահն է:
Այս տարվա հուլիսին էլ նա մեկ այլ՝ Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել:
Լյուդմիլա Մարչենկոն այն պատգամավորն է, որին Ուկրաինայի օրենսդիր մարմնում «բռնացրել» էին ոչ սովորական զբաղմունքի վրա՝ «Ժողովրդի ծառան» աշխատանքի ժամին հեռախոսով «բաց» տեսանյութ էր դիտում, ինչը քննադատության բուռն ալիք էր բարձրացրել: Այդ թեմայով ու լուսանկարներով հրապարակումների տակ ընթերցողներն ու սոցցանցերի օգտատերերը հեգնել էին, թե կարելի է պատգամավորի աշխատավարձը 5 անգամ բարձրացնել, որ կարողանա իրեն թույլ տալ մշտապես օգտվել պոռնոկայքերից:
Կարդացեք նաև
Վերջերս էլ Լյուդմիլա Մարչենկոն խորհրդարանում հայտնվել էր կանացի էրոտիկ ներքնազգեստ հիշեցնող ժանյակավոր դիմակով ՝ իբր կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով, ինչն իրարանցում էր առաջացրել ռադայում, պատգամավորի՝ «ներքնազգեստային» դիմակով լուսանկարը հրապարակել էր սոցցանցում, ինչը կիսելով շատ օգտատերեր՝ նրան ծաղրել էին ու բուռն գիշեր էին մաղթել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան այս պատգամավորի կողմից՝ այլ պետությանը ռազմական, հումանիտար եւ այլ ցանկացած օգնություն հատկացնելու մասին հայտարարության առնչությամբ մասնավորապես ասել է. «Ամեն մի ժողպատգամավոր կարող է իր դիրքորոշումը հայտնել ցանկացած հարցի առնչությամբ, սակայն այլ պետություններին օգնություն հատկացնելու իրավասությունը պատկանում է Ուկրաինայի նախագահին եւ կառավարությանը»:
Ինքը՝ Լյուդմիլա Մարչենկոն ավելի ուշ Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է. «Ինչ վերաբերում է իմ խոսքերին, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իմ մեջբերումը, քանի որ բոլորս գիտենք՝ ինչքան հնչեղ է վերնագիրը, այնքան մեծ է նրանց վարկանիշը: Նկատի ունեմ, որ զենք տրամադրելու մասին խոսք չկար»: