Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի ազգային ակումբը դիմում է մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ

Հոկտեմբեր 02,2020 13:49

Աշխարհը պատուհասած համաճարակի պայմաններում, երբ պետություններն ու հասարակություններն ամիսներ շարունակ պայքար են մղում Covid-19-ի դեմ, երբ համաշխարհային տնտեսությունը սոսկալի վնասներ է կրում՝ սոցիալական  ծանր բեռ դնելով մարդկության մեծ մասի վրա, երբ մարդկությունը փորձում է միավորվել ընդդեմ հումանիտար այդ աղետի, ահա այս  բարդ իրավիճակում, այս տարվա  սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ սանձազերծեցին Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի դեմ:

Խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները՝ Ադրբեջանն ու Թուրքիան  պատերազմի այս վեց օրերի ընթացքում շարունակ նշանառում և սպանում են  Հայաստանի ու  Ղարաբաղի խաղաղ բնակչությանը:

Ադրբեջանաթուրքական զինուժը նշանառել է նաև իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող լրագրողներին՝ հրատակոծելով, վիրավորելով և սպանելով նրանց:

Կոպտորեն խախտելով լրագրողների իրավունքների և մասնագիտական գործունության պաշտպանության միջազգային սկզբունքներն ու պահանջները,   պատերազմի այս մի քանի օրերի ընթացքում ադրբեջանաթուրքական զինուժի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորվել են Ղարաբաղի Մարտունի շրջանում իրենց մասնագիտական աշխատանքն իրականացնող ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողները, իսկ նրանց ուղեկիցը՝ սպանվել: 

     Նշանառության են ենթարկվել  նաև՝

–  France-Presse լրատվական գործակալության լրագրողները,

– հայկական «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի ծառայության նկարահանող խումբը, որի օպերատորը վիրավորվել է,

– հայաստանյան 24News․am առցանց հեռուստաընկերության լրագրողը,

– ռուսաստանյան Дождь հեռուստաընկերության փոխխմբագիրը,

-«ՍիվիլՆեթի»  նկարահանող խումբը,

– «Շանթ» հեռուստաընկերության և tert.am  լրատվական կայքի նկարահանող խմբերին նշանառել է անօդաչու թռչող սարքը:

         Մամուլի ազգային ակումբ խստորեն դատապարտում է՝ 

–  ադրբեջանաթուրքական զինուժի ագրեսիան Հայաստանի և Ղարաբաղի դեմ,

  • խաղաղ բնակչության հրետակոծությունները,
  • լրագրողներին նշանառելու և հրետակոծելու գործողությունները:      

Մամուլի ազգային ակումբը դիմում է՝

  • միջազգային լրագրողական կազմակերպություններին՝ կոչ անելով խստորեն դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի այսօրինակ գործողությունները, խնդիրը բարձրացնել մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության պաշտպանության բոլոր կառույցներում,
  • մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով  դատապարտել և խստագույն պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնք կոպտորեն խախտում եմ միջազգային իրավունքները:

     Մամուլի ազգային ակումբն առանձնահատուկ ընդգծում է ռազմաճակատում աշխատող հայ և օտարերկրացի իր բոլոր գործընկերների աշխատանքը, որոնք իրենց կյանքը վտանգելով, արկերի պայթյունների և հրետակոծությունների տակ միջազգային հանրությանն են ներկայացում Ադրբեջանի և Թուրքիայի մեղքով աշխարհի այժմ ամենաթեժ կետի վերածված Հայաստանի և Ղարաբաղի մասին:

    Մամուլի ազգային ակումբը լիահույս է՝ 

  • միջազգային լրագրողական համայնքն իր աջակցությունը կհայտնի Հայաստանում և Ղարաբաղում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին,
  • աշխարհին կպատմի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի և Ղարաբաղի նկատմամբ իրականացվող ագրեսիայի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:
  • միահամուռ հանդես կգա ի պաշտպանություն թեժ կետերում աշխատող հայ և օտարերկրացի լրագրողների կյանքի և մասնագիտական անարգել գործունեության իրավունքների:

Մամուլի ազգային ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031