Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում երեկ՝ Արցախյան երրորդ պատերազմի 5-րդ եւ ամենաթեժ մարտերի օրը, հրապարակվեց մի տարօրինակ վերնագրով խմբագրական՝ «Բանակցային ֆորմատը փոխելու ժամանակը»։ Մասնավորապես, այստեղ խոսք է գնում քառակողմ՝ Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան-Արցախ կամ երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա բանակցություններ անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այսինքն՝ Հայաստանը ուղիղ բանակցություններ վարի ոչ թե Ադրբեջանի, այլ նրա «տիրոջ»՝ Թուրքիայի հետ։ Առաջարկն այնքան շոկային էր, որ անգամ պատերազմի պայմաններում քաղաքական ուժերն իրենց հայտարարած «հրադադարը» խախտեցին, եւ քաղաքական գործիչները սկսեցին գրել, թե ինչ է նշանակում Թուրքիային, արդեն լեգիտիմ հիմքերով, Հարավային Կովկաս հրավիրելը։ Քանի որ խմբագրականը տպագրվել է իշխանական թերթում, մենք զանգահարեցինք «ՀԺ» եւ հարցրինք, թե ով է խմբագրականի հեղինակը։ Օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանը հայտնեց, որ օրաթերթի բոլոր խմբագրականները գրում է վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Զրուցեցինք հրապարակախոս, լրագրող Արմեն Բաղդասարյանի հետ։
– Պարոն Բաղդասարյան, նախքան հոդվածը գրելը Ձեր առաջ քաշած գաղափարները քննարկե՞լ եք Նիկոլ Փաշինյանի հետ։
– Բնականաբար, ոչ։
– Այնուհանդերձ, չե՞ք կարծում, որ նման առաջարկներով Հայաստանն ուղղակի եւ պաշտոնապես Թուրքիային հրավիրում է Հարավային Կովկաս, այն նույն Թուրքիային, որն առանց նման հրավերի ուզում է ներգրավվել որպես հակամարտության կողմ եւ ներխուժել Կովկաս՝ այսպիսով իրականացնելով Ադրբեջանի վաղեմի երազանքը։
Կարդացեք նաև
– Ոչ, չեմ կարծում։ Եվ դա ոչ թե գաղափար է, այլ փաստերի պարզ շարադրանք։ Մենք ունենք իրողություն, որ Թուրքիան անմիջականորեն մասնակցում է ռազմական գործողություններին, այսինքն՝ ռազմական հակամարտության կողմ է՝ անկախ մեր կամքից։ Եվ պատկերացրեք՝ մեկը կռվում է երկու եղբայրների դեմ, թուրքերն ու ադրբեջանցիները հայտարարում են, որ եղբայրներ են, եւ ավագ եղբայրը պատերազմին անմիջականորեն մասնակցում է ու ղեկավարում է այն։ Հիմա եթե բանակցություններ լինեն, ավելի ճիշտ չէ՞ մեծ եղբոր հետ։ Ի վերջո, ընդունում ենք, չէ՞, որ այս պատերազմից ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանն ինքնուրույն ռազմաքաղաքական միավոր չէ, ուղղակի Թուրքիայի կցորդն է։ Ինչ վերաբերում է նրանց տարածաշրջան հրավիրելուն, նկատի ունեմ՝ Հարավային Կովկաս, ապա ճիշտ հակառակը՝ Հայաստանն է, որ դուրս է գալիս ռազմաքաղաքական նոր հարթություն, մտնում է ավելի մեծ տարածաշրջան․ դուրս է գալիս Հարավային Կովկասի սահմաններից եւ մտնում է մերձավորարեւելյան քաղաքականություն, փորձում է դառնալ ինքնուրույն գործոն։ Դա է տեղի ունեցել՝ անկախ մեր կամքից, եւ դա բնական է, որովհետեւ, եթե պատերազմը բարձրացել է աշխարհաքաղաքական առումով այլ հարթություն, ապա Հայաստանն էլ՝ որպես ինքնուրույն գործոն, պիտի ավելի մեծ աշխարհաքաղաքական տարածքում փորձի լինել որպես գործոն։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: