«ՊԲ պաշտպանության շրջանի հրամանատարն արցախյան գոյամարտից մինչեւ օրս գտնվում է շարքում եւ իր ակտիվ մասնակցությունն է ունեցել: Բազմիցս վիրավորվել է, այդ թվում՝ արցախյան գոյամարտում եւ ապրիլյան քառօրյայում,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՊԲ հրամանատարներից Կարեն Ջալավյանի՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանանալու փաստին՝ ասաց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Նա հմուտ գործողությունների արդյունքում ապահովել է հյուսիսային ուղղության կայուն պաշտպանությունը, ռազմավարական նշանակության խնդիրների կատարումը: Հաշվի է առնվել նաեւ այն, որ այդ ուղղությամբ հակառակորդն օգտագործել է աննախադեպ քանակի սպառազինություն եւ անձնակազմ: Պարգեւատրումները լինելու են շարունակական»,-շեշտեց Արթուր Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ