Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատությունն առավելություն է

Հոկտեմբեր 02,2020 10:00

Այն, որ երեկ ադրբեջանական հրետանու կողմից թիրախավորվել են հենց լրագրողները, ամենեւին պատահականություն չէ. հակառակորդն, արհամարհելով միջազգային նորմերը, կրակ էր բացել հենց մեր մասնագիտության մարդկանց վրա, որոնք ունեին բոլոր անհրաժեշտ տարբերանշանները: Այդ միջադեպը նույնպես խոսում է մեր եւ Ադրբեջանի սկզբունքային, կասեի անգամ՝ քաղաքակրթական տարբերությունների մասին: Հայ, ռուս, ֆրանսիացի լրագրողները, որոնք աշխատում են ռազմաճակատում, ազատ են իրենց տեսածի մասին գրել այն, ինչ հարկ են համարում: Բայց բացառված է, որ նրանց նյութերում չարտացոլվի ճշմարտության գոնե որոշակի մասը: Իսկ ճշմարտությունն ադրբեջանական կողմի համար խիստ անբարենպաստ է, որովհետեւ ցանկացած լրագրող կարձանագրի, թե ով է հարձակվում, ով պաշտպանվում, ով է հարվածում խաղաղ բնակավայրերին, ով՝ հակառակորդի դիրքերին: Մի փոքր վերլուծական միտք ունեցող լրագրողը կհասկանա նաեւ, թե որ կողմից է կռվում կանոնավոր բանակը, եւ որ կողմում է հավաքվել Միջին Արեւելքում ահաբեկչական «հարուստ փորձ» ունեցող խաժամուժը:

Ադրբեջանական լրատվամիջոցները պատերազմից առաջ էլ ազատ չէին: Իսկ երբ Բաքուն սկսեց իր ագրեսիան Արցախի դեմ, այդ երկրում ընդհանրապես անջատվեցին ինտերնետային կապի գրեթե բոլոր միջոցները, սոցիալական ցանցերը: Երեւի կանխազգում էին, որ իրենց ժողովրդին առանձնապես լավ լուրեր չեն ունենա պատմելու: Հայաստանում իրավիճակը ճիշտ հակառակն է՝ դատողությունների, գնահատականների առումով նույնիսկ ռազմական դրության պարագայում լրատվամիջոցները տարբեր դիրքորոշումներ են հայտնում, էլ չասած ֆեյսբուքյան օգտատերերի մասին: Շատ բան թողնված է մարդկանց խղճին:

Իհարկե, այս պայմաններում երբեմն հրապարակվում են բաներ, որոնք պատերազմական վիճակում անձամբ ինձ համար անընդունելի են: Բայց  այդ ազատությունը չափանիշներից մեկն է, որով բնութագրվում է մեր ու Ադրբեջանի տարբերությունը եւ, ի վերջո, կարծում եմ, մեր առավելությունը: Ո՞վ է ավելի լավ պայքարելու ռազմաճակատում եւ թիկունքում՝ նա, ով հասկանո՞ւմ է, թե ինչի համար է կռվում, թե նա, ով ստիպողաբար հայտնվել է ռազմի դաշտում կամ բերվել է Սիրիայի անապատներից՝ 1000-2000 դոլարի անորոշ խոստումներով:

Երբ պետությունն առաջնորդվում է ահաբեկչական տրամաբանությամբ, նա շատ բան ունի թաքցնելու իր ժողովրդից ու աշխարհից, եւ փորձում է սահմանափակել տեղեկատվության տարածումը. այդ մոտեցման ամենավայրագ դրսեւորումն է լրագրողների վրա կրակելը:

Կիսո՞ւմ է այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը» մեր մոտեցումները, թե՞ ոչ, մե՞ր կողմից է, թե՞ ահաբեկիչների՝ այնքան էլ կարեւոր չէ: Մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, եւ շարժվելու ենք մեր սկզբունքներով՝ անկախ նրանից, թե աշխարհում ով է մեզ նման մտածում:

…Իսկ ահաբեկիչներից տուժած լրագրողներին, բնականաբար, ցանկանանք շուտափույթ ապաքինում ու վերադարձ մեր շարքերը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031