Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այ, մամ, ուր ես գնում, խփում են. թե բա՝ լվացքի մեջ գույն տվող շոր կա, հո էդպես չի՞ մնալու… «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 02,2020 07:20

«Մին պրոբլեմա կա,- պատերազմի լուրը նոր առած՝ ասաց արցախցի Արմենը,- տհանք մին խիլլա զենք ըն ինքյ կալյալյ, մեր պահեստնին կուճիր են, ըդքանը հունցը՞նք նի տալու» («Մի խնդիր կա․ նրանք բավական շատ զենք են գնել, մեր պահեստները փոքր են, այդքանն ինչպե՞ս ենք տեղավորելու»):

Պատերազմի ցավն ու արհավիրքը քաջաբար կրելու նշաններից մեկն էլ կատակելու ունակությունն է, իսկ կատակների պակաս վերջին օրերին բնավ չի զգացվում․ և դա նաև աներկբա հաղթանակի շունչն է։

Առավոտյան 7:10 հրետակոծության պայթյուններից վեր թռած ու անմիջապես նկուղներում ապաստան գտած ստեփանակերտցիները պատմում են՝ ինչպես են փորձել տանից իջեցնել կենցաղային անհրաժեշտության նվազագույն պարագաներ, և պատմությանը սահուն ներհյուսվում է հայ կանանց ավանդական մաքրամոլությունը. «Նկուղից բարձրանում ենք, հասնում մինչև երկրորդ հարկ, հրետանու դմփդմփոցը նորից սկսվում ա, ցած ենք վազում, մի քիչ սպասում ենք, էլի քիչ-քիչ սկսում բարձրանալ, տագնապի ազդանշանն ա միանում: Ու էդ դրության մեջ մի կերպ տուն ենք հասնում, որ ծածկոց ու հաց վերցնենք, վազ տանք նկուղ, մաման լվացքն ա միացնում: Մի քիչ հետո նկուղում մեկ էլ վեր ա կենում, թե՝ գնամ լվացքս փռեմ: Այ, մամ, ուր ես գնում, խփում են. թե բա՝ լվացքի մեջ գույն տվող շոր կա, հո էդպես չի՞ մնալու…»: Պատմում են ու ծիծաղում՝ դա դեռ ինչ, հարևանուհին էլ հայտարարել էր, թե՝ հատակս մնաց անմաքրել, գնամ լվանամ, գամ. ու գնացել էր…

Երևանից Արցախի դիրքեր ուղարկվող կոնֆետների վրա ուսանողուհիները գրել էին. «Ես դեռ ամուսնացած չեմ», «Հետ կգաք, որ տանը չմնանք» և նման խոստումնալից հրահանգներ՝ նշելով սպասվող հանդիպման վայրը:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031