Լրահոս
Օրվա լրահոսը

Զրահաբաճկոնը ինձ օգնեց․ Մարտունիում հրետանակոծության տակ հայտնված լուսանկարիչ

Հոկտեմբեր 02,2020 01:12

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հինգշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի Մարտունի քաղաքում լրագրողների խումբը հրետանակոծության տակ է ընկել, լրագրողներ են վիրավորվել։ 

«VII» լուսանկարչական գործակալության լուսանկարիչ Անուշ Բաբաջանյանը այդ պահին ևս Մարտունիում է եղել։ Նա Aravot.am-ին ներկայացրեց դեպքի մանրամասները։ 

«Միջազգային մակարդակով պատերազմի մասին շատ չի խոսվում։ Իմ կարծիքով՝ ինչքան շատ լրագրողները բարձրաձայնեն այն փաստը, որ Արցախում պատերազմ է, այդքան լավ։ Մարտունի գնացել էինք, քանի որ ուզում էինք լուսաբանել քաղաքում կատարված ավիրվածությունները՝ հիմնականում ամսի 27-ի առավոտից հետո»,- ասում է նա՝ նշելով, որ երկու խմբով էին գնացել Մարտունի և ունեին ուղեկցորդ համապատասխան մարմնից։

«Արդեն վերջացրել էինք նկարահանումները և եկել էինք այն կետը, որտեղից սկսել էինք, որ ուղեկցորդը զբաղվեր մյուս խմբի հետ։ Ինքն ուզում էր նրանց էլ օգներ։ Մենք ապաստարանից մի քանի մետրի վրա էինք, պայթյունների ձայներ լսեցինք։ Դրանից վայրկյաններ առաջ գոռացին՝ մտեք ապաստարաններ, և մենք վազեցինք, բայց վազելու ընթացքում տեղի ունեցան պայթյուններ։ Մենք մտանք ապաստարան, և այնտեղ սպասեցինք մի քանի ժամ, մինչև իրավիճակը հանգստացավ։ Եվ այդ ընթացքում մենք արդեն գիտեինք, որ կային վիրավորվածներ և բարձրաձայնում էին, որ ոչ միայն խաղաղ բնակչությունն է թիրախավորվել, այլ նաև լրագրողները»,- հիշում է Անուշը։ 

Նա ընդգծեց, որ պահպանել են անվտանգության կանոնները, փորձել են իրարից հեռու գտնվել․ «Նաև զրահաբաճկոն էինք կրում։ Ոչ բոլորը, ի միջի այլոց։ Դա շատ կարևոր է, որ բոլոր լրագրողները կարողանան ունենալ։ Նաև դա մի մեծ խնդիր է, որին ուզում եմ անդրադառնալ, որ Արցախում շատ լրագրողներ հենց հիմա չունեն զրահաբաճկոն, և իրենց լրատվամիջոցները չեն ապահովում։ Իսկ դա շատ կարևոր է, որովհետև այդ գումարը պետք է ներդնել լրագրողի անվտանգությունը ապահովելու համար։ Եթե նույնիսկ ապահովագրությունը չես ապահովում, գոնե դա պետք է ապահովես։ Ուրիշ բան, որ կային լրագրողներ, որ որոշել էին չկրել զրահաբաճկոն։ Ինձ թվում է՝ զրահաբաճկոնը ինձ էլ օգնեց, որովհետև, երբ մենք վազում էինք, պատուհանները ջարդվեցին այդ պահին, և ապակու կտորները թափվում էին մեր ուղղությամբ»։

Հրետանակոծության ժամանակ վնասվել է նաև Անուշ Բաբաջանյանի տեխնիկան․ «Օբյեկտիվներից մեկն էր ընկել, կորել, հետո բերեցին, բայց արդեն ջարդված։ Եվ կորցրեցի սաղավարտս։ Բայց դա ընդհանրապես կարևոր կորուստներ չեն նրա համեմատ, ինչ տեղի ունեցավ այդ պահին. եղան զոհեր՝ ներառյալ այն մարդը, որ պատրաստվում էր ուղեկցել լրագրողներին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031