Արցախի Հանրապետության դեմ ագրեսիային Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների հետ փոխկապակցված օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավվածության մասին տեղեկատվությունը փաստաթղթային ապացույցներ է ստանում: Ըստ բազմաթիվ տվյալների, այդ թվում` տարբեր անկախ աղբյուրներից ստացված, Թուրքիան Մերձավոր Արևելքի երկրներում հավաքագրել է մի քանի հազար օտարերկրյա զինյալներ ու վարձկաններ և իր տարածքով նրանց տեղափոխում է Ադրբեջան` Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական գործողություններին անմիջական մասնակցության համար: Նրանցից ոմանք արդեն հասցրել են իրենց բացահայտել Արցախի Պաշտպանության բանակի դեմ մարտերում և կրել կորուստներ:
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները, որոնք բնորոշ են վտարյալ պետություններին, լուրջ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար: Տեղին ենք համարում վերստին հիշեցնել, որ Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից: Օտարերկրյա զինյալներին և վարձկաններին հակամարտության գոտում ներգրավելը դարձել է հիմնական գործոն՝ Ադրբեջանին վերածելու 1990-ական թթ. կեսերին և վերջին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկիր, ինչպես նաև ահաբեկիչների համար փոխաբեռնման կետ, որտեղ իրականացվում էր նրանց ահաբեկչական գործունեության կազմակերպումն ու սուբսիդավորումը: Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունն արդեն այս պահին պետք է վճռական քայլեր ձեռնարկի:
Այս առումով հարկ է նշել, որ օտարերկրյա զինյալների և վարձկանների օգտագործումը, հավաքագրումը, ֆինանսավորումը, պաշտպանությունը և վերապատրաստումը արգելվում են բազմաթիվ միջազգային իրավական նորմերով, որոնք պարտադիր են, այդ թվում` Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ավելին՝ գիտակցելով օտարերկրյա զինյալների և վարձկանների գործունեության դեմ հավաքական պայքարի կարևորությունը` միջազգային հանրությունը պետություններին պարտավորեցնում է կանխել և կասեցնել նման պրակտիկան:
Արհամարհելով միջազգային համակեցության տարրական կանոնները, դիտավորյալ և սիստեմատիկ կերպով խախտելով իրենց ստանձնած պարտավորությունները, իրենց արտաքին քաղաքականության մեջ վարելով հանցավոր գիծ՝ Ադրբեջանը և Թուրքիան ոչ միայն բացահայտորեն հակադրվում են ողջ համաշխարհային հանրությանը, այլև ուղղակիորեն սպառնում են նրա անվտանգությանը:
Կարդացեք նաև
Վերստին ընդգծում ենք, որ ներկա պայմաններում, երբ միջազգային հանրության կողմից խաղաղության կոչերը ոչ միայն մերժվում են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից ենթարկվում են կոշտ քննադատության, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնման ամենակարճ ճանապարհը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է: