«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ՖԲ իր էջում գրել է.
Բոլոր նրանց, որ հիասթափվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունից, հարցնեմ՝ իսկ դուք ուզում էիք, որ Մակրոնը, Պուտինն ու Թրամփը ասեին՝ Էրդողան, դու նստիր տեղդ, Ալիև, դու էլ գնա տու՞ն: Միջազգային դիվանագիտության լեզվով այս հայտարարությունն իսկապես շատ կոշտ է իր ենթատեքստերով, և միանշանակ մեր օգտին է ,ու դա էր պատճառը, որ ստիպված դրան դեմ արտահայտվեց Թուրքիան։ Էրդողանը հաստատ եռյակին պատասխանելը շատ երկար քննարկել է ԱԳՆ-ում, որովհետև պատասխանում է գերտերությունների։ Ինքն ուներ 2 տարբերակ.
1) Միանար եռյակին և ցույց տար, որ ինքն էլ է չեզոք.Սա շատ շահեկան էր աշխարհաքաղաքական և տնտեսական առումով այսօրվա Թուրքիային, համ էլ, ազգային բնավորության համաձայն՝ կքծներ, բայց իրենք գնահատել են, որ այդ դեպքում կզինաթափեն Ադրբեջանի բանակը, կկորցնեն Ադրբեջանն ու Ալիևին և նախնտրել են երկրորդ տարբերակը։
2) Մեղադրել եռյակին, մեզ ագրեսոր անվանել ու պահանջել դուրս գալ գրավյալ տարածքներից։ Ինչը, ըստ էության, նշանակում է մեղադրել Թրամփին, Մակրոնին և Պուտինին անգործության մեջ և մերժել նրանց առաջարկը։
Ու դա, քաղաքական առումով, մեր ռազմական և դիվանագիտական հաղթանակն է միանշանակ։ Մեզ պետք է խաղաղություն, ու ինչպես Վեհափառն է ասել՝ “Մենք սիրում ենք խաղաղություն, իսկ պատերազմի մեջ սիրում ենք հաղթել”: