Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Շատերս չէինք հասկանում, որ կրկին պատերազմ է սկսվել Արցախի դեմ, այն էլ՝ սահմանի ողջ երկայնքով

Հոկտեմբեր 02,2020 12:00

Հարցազրույց արցախցի լրագրող, հրապարակագիր, գրող Վարդգես Օվյանի հետ

– Ինչպե՞ս սկսվեց սեպտեմբերի 27-ի առավոտը:

– Սեպտեմբերի 27-ի լուսաբացը Ստեփանակերտում այս անգամ այլ կերպ սկսվեց։ Կարծես երազում լինեինք։ Պայթյունների ձայն էինք լսում, բայց շատերս չէինք հասկանում, որ կրկին պատերազմ է սկսվել Արցախի դեմ, այն էլ՝ սահմանի ողջ երկայնքով։ Մի տեսակ անսպասելի էր այն, չնայած օրեր, շաբաթներ առաջ սոցիալական ցանցում արդեն գրառումներ կային, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ պատերազմի է պատրաստվում, անգամ գրել էն, որ մոտակա օրերին ամենայն հավանականությամբ թշնամին հարձակում է ձեռնարկելու… Բայց դե, մեզանում ցանկալին է միայն ընդունելի, քաղցր-մեղցր սուտն է գնահատվում, ոչ թե դառն ու, առավել եւս՝ դաժան իրողությունը…

– Դուք հիմա ապաստարաններում եք, պատրա՞ստ էիք, կա՞ր այդքան ապաստարաններ:

– Արդեն մի քանի օր է՝ ծանր մարտեր են գնում Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով։ Հերթական անգամ 18-20 տարեկան հայ զինվորը, մեր ջահել-ջիվան երիտասարդներն իրենց կյանքի գնով են հատուցում հայ քաղաքական վերնախավի սխալների համար։ Ցավալի է, բայց այս երեսուն տարում շարքային քաղաքացիները կարծես համակերպվել են այս տխուր ու սարսափելի իրողությանը։ Մի քանի րոպեում մեր խաղաղ առօրյան վերափոխվեց պատերազմականի։ Շենքի նկուղներում, որ անվանում ենք ապաստարաններ, մարդիկ փորձում են նկուղն իրոք ապաստարան դարձնել, քանզի այնտեղ առնետների զազրելի հոտի եւ տեւական խոնավության համակցումից գոյացած «բույրն» ու համատարած դատարկությունը ոչնչով ապաստարան չեն հիշեցնում։ Սկզբում աթոռներ ու նստարաններ հայտնվեցին, որ մարդիկ բերում էին իրենց մոտակա ավտոտնակից կամ առաջին հարկի բնակարաններից, ապա սեղանիկ հիշեցնող ինչ-որ բաներ, իսկ ավելի ուշ՝ մանկական մահճակալներ… Իսկ դրսում տղամարդիկ փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում, որտե՞ղ են եղել առաջին հարվածները, կորուստներ կա՞ն, արդյոք։ Մի որոշ ժամանակ հետո արդեն տեղեկություններ են հասնում, որ թշնամին բոլոր ուղղություններով հարձակվել է եւ ծանր մարտեր են գնում։

– Վարդգես, ինչպե՞ս եք հետեւում իրադարձություններին, մանավանդ որ, կապը, անվտանգությունից ելնելով, հասկանալի վատ է:

– Այս անգամ մարդիկ արդեն չեն կարողանում ընթացող մարտերի մասին տեղեկություններ ստանալ իրենց «աղբյուրներից»՝ կռվող տղաներից, զավակներից, բարեկամներից ու ծանոթներից։ Միակ հավաստի տեղեկատվությունը պաշտոնականն է։ Ավելին, երկրորդ օրից պարզ դարձավ, որ լուրջ խնդիրներ կան կապի եւ ինտերնետի հարցում։ Բարեբախտաբար, այսօր այդ հարցը կարծես թե լուծվել է՝ հեռախոսային ու ինտերնետային կապը վերականգնվել է։

– Դուրս գալի՞ս եք խանութներ, երբ քաղաքը ռմբակոծվում է:

– Օրը ցերեկով խանութների վրա հայտնվեցին «փակ է» ցուցանակներ։ Մեր շրջապատում գտնվող զանազան մթերային եւ այլ խանութներից գործում էր միայն «Էլինա»-ն։ Անմիջապես սպառվում էր ստացված հացը։ Չնայած պարբերաբար հնչող օդային տագնապներին, մարդիկ գնումներ են կատարում, ոմանք փողոցներում փորձում են հասկանալ, թե այս անգամ որն է «տագնապի» պատճառը։ Դարձյա՞լ անօդաչու թռչող սարքեր են հայտնվել մայրաքաղաքի երկնքում, որոնք սեպտեմբերի 27-ին առաջին անգամ անհանգստացրել էին ստեփանակերտցիներին։

– Նորից վերադառնանք ապաստարաններին, հարեւաններին, շրջապատիդ, բոլո՞րն են կարողանում համավարակի այս օրերին տեղավորվել այդտեղ:

– Հիմնականում երեխաները, երիտասարդ մայրերն ու միջին տարիքի կանայք ու տղամարդիկ են օգտվում անվտանգության այդ «օբյեկտից»։ Մեր շքամուտքում, օրինակ, վերեւի հարկերում ապրող երեք տարիքավոր կանայք, այդ թվում՝ մայրս, հոգնեցնող աստիճաններով նկուղ իջնելու հնարավորություն չունեն, որովհետեւ տանն անգամ հազիվ են շարժվում առանց օգնության։ Ճիշտն ասած, տանը կամ աշխատավայրում ես էլ չեմ օգտվում ապաստարաններից։ Մեկ-մեկ եմ իջնում, տեսնեմ՝ մարդիկ ոնց են։ Սկզբում մեր երեխաներին օգնում էի իջնել, հորդորում չվախենալ, խուճապի չմատնվել։ Բայց տեսնելով, որ հատկապես աղջիկները ծանր են տանում պարբերաբար հեռվում լսվող որոտի ձայներն ու «օդային տագնապի» ոչ հաճելի ձայնը, շատերի պես ես էլ նրանց ուղարկեցի ավելի ապահով վայրեր։ Դրանով կարծես մի ծանր բեռ ընկավ իմ եւ մերոնց ուսերից։ Հետո պարզեցի, որ բոլոր ծնողները, տատիկ-պապիկներն իրենց երեխաների ու թոռների անվտանգության հարցը լուծելով, նույն զգացումն են ունենում։

– Ի՞նչ կասես խուճապի մասին, չնայած պատերազմ տեսած արցախցին չեմ էլ կարծում, թե նորից նման զգացում ունենա:

– Քանի որ քիչ վերեւում խոսեցի խուճապի մասին, ապա ասեմ, որ պատերազմի կարծեմ հենց առաջին օրը ֆեյսբուքյան իմ էջում գրել էի. «Խուճապարարները, սովորության համաձայն, ոչ իրական, սուտ տեղեկություններ են տարածելու։ Չհավատաք դրանց։ Բարեբախտաբար, մենք հրաշք տղաներ ունենք։ Մենք բանակ ունենք, հայկական բանակ…» եւ այլն։

– Ելքը ինչպե՞ս ես տեսում, էլի նույն «խաղաղասե՞րն եք»:

– Ես չեմ ընդունում «մենք խաղաղասեր ենք», «մենք խաղաղություն ենք ուզում» եւ նմանատիպ անմիտ, խղճուկ եւ ողորմելի հայտարարությունները, ինչպես նաեւ «խաղաղասեր հասարակ ադրբեջանցիների» մասին ձեւակերպումները։ Հատկապես, երբ թշնամին տասնամյակներ շարունակ պետական մակարդակով հակահայկական քարոզ է տանում իր ժողովրդի մեջ, խոսում Հայաստանը վերացնելու մասին, քարտեզներ տպագրում, որտեղ Հայաստանը չկա։ Թուրքը մնում է թուրք եւ նրա հետ պիտի խոսել միայն զենքի, ուժի լեզվով։ Ի դեպ, այս մասին էլ էի իմ ՖԲ էջում գրառում արել եւ դրանք շատերի սրտով էին… «Թուրքիայի կողմից Ադրբեջանին օգնելու մասին անատամ հայտարարությունների փոխարեն պարբերաբար քաղաքական բոլոր խողովակներով պետք է ասել, որ Թուրքիան շարունակում է 1915 թվականի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որ Էրդողանը Ալիեւի հետ շարունակում է իրենց նախնիների 1915թ. հայերի ցեղասպանման, գենոցիդի վայրենի, հակամարդկային ծրագիրը։ Արցախում շատ վատ է կապի, ինտերնետի խնդիրը։ Արցախին երկրորդ օպերատոր է անհրաժեշտ։ Որտե՞ղ մնաց «2020թ. Արցախում 2-րդ օպերատոր է լինելու» խոստումը:

– Վարդգես, եթե զուգահեռ անցկացնես ապրիլյան քառօրյայի հետ, ապա պատկերն ինչպիսի՞ն է:

– Երեւի հիշում եք, որ ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում եւ Արցախի իշխանական վերնախավում մի տեսակ մեռելային լռություն էր։ Կարծես երկրում ղեկավար, իշխանություններ չկային, չքվել-անհետացել էին։ Այս անգամ լրիվ այլ էր։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անմիջապես կոչով դիմեց ժողովրդին, բայց ինձ եւ հայաստանաբնակ իմ շատ ընկերների ավելի դուր եկավ նրա հաջորդ օրվա խոսքը։ Իրոք, տղամարդու, երկրի ղեկավարի խոսք էր եւ այն ակնհայտորեն ոգեւորել է բազմաթիվ մեր հայրենակիցների։ Երեւանաբնակ ընկերներիցս մեկը գրել է՝ «Տղամարդ, ղեկավարն այդպես պիտի խոսի, այլ ոչ թե անիմաստ հոխորտա եւ հիստերիկ ճղճղա»։ Իսկ երբ թշնամուն ծնկի չեկող, ավելին՝ նրան մեծ կորուստներ պատճառող եւ հակահարձակման հարմար պահի սպասող բանակի քաջությանը գումարվում է այդ երկրի գլխավոր հրամանատարի խրոխտ, համարձակ եւ կշռադատված խոսքը, ուրեմն այդ ժողովրդին հաղթել չի լինի։

Հարցազրույցը`
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
01.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031