Լուսանկարներում Գյումրու Անի թաղամասն է՝ Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց։ Թաղամասի երիտասարդները մի մարդու պես լծվել են Արցախի համար օգնություն հավաքագրելու գործին։ Նրանք լուսանկարվել, նկարահանվել չեն ուզում, պատճառաբանում են՝ ցուցադրվելու ժամանակը չէ, սակայն տեսախցիկից դուրս պատմում են, որ օգնության պատրաստակամ մարդկանց հոսքը չի դադարում․ հարակից գյուղերից պարկերով պարենային մթերք են բերում՝ կարտոֆիլ, կաղամբ, նույնիսկ անվադողերն են մեքենայի վրայից հանում ու բերում, իրենք էլ հավաքում ու ուղարկում են սահման։
Այստեղ որևէ մեկը պարապ կանգնած չէ․ յուրաքանչյուրը լավ գիտի իր անելիքը․ հայրենասիրության կենդանի դասի ենք ականատես լինում։
Ամենահետաքրքիրը մեծ թվով դպրոցահասակ տղաների մասնակցությունն է, որոնց թեև ստիպողաբար ուղարկում են դպրոց, սակայն նրանք պահը բաց չեն թողնում եկեղեցու բակում հայտնվելու ու անվադողեր կրելու։
Կարդացեք նաև
Ի դեպ, Գյումրու այս թաղամասում բարձրախոսով միացած է նաև ռադիոն, անցորդները կարողանում են լսել պատերազմի մասին ամենաթարմ տեղեկությունները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ