Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութում տարեց կինն իր բնակարանում սպանվել է ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարվածից». Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 01,2020 23:40

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում, ներկայացնելով փաստահավաք առաքելության արդյունքները, նշեց. «Մեր փաստահավաք գործունեության արդյունքներով քաղաքացիական բնակչությունը լայնորեն ու մասշտաբային կերպով թիրախ է դարձել այս օրերի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչի հետևանքով այսօրվա դրությամբ արդեն 11 զոհ կա, 60-ից ավելի վիրավոր, որից 42-ը լրջորեն վիրավորված անձինք են: Սա վերաբերվում է միայն քաղաքացիական անձանց»:

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ իրենք նաև պատրաստել են զեկույց՝ հայերեն և անգլերեն: Ավելի մանրամասն ներկայացնելով սպանված և վիրավորված անձանց մասին տվյալներ՝  նա ասաց. «Հիմնական դեպքերն՝ առաջին չորսը, եղել են ամսի 27-ին, Մարտունիում երկու դեպք՝ մեկ մանկահասակ երեխա, տարեց կին, Հադրութում մեկ դեպք՝ մեկ տարեց կին, Մեծ շեն գյուղի մոտ երիտասարդ մի տղա: Երեկ Մարտակերտում տեղի ունեցավ ռմբակոծություն օդուժի կողմից, ինչի հետևանքով երեք հոգի սպանվեցին՝ մեկ ընտանիքից: Մարտունիում տեղի ունեցավ թիրախային և նպատակային հրետակոծություն՝ քաղաքացիական օբյեկտների թիրախավորմամբ, ինչի հետևանքով չորս հոգի նախնական տվյալներով սպանվել են, 11 հոգի վիրավորվել՝ ներառյալ լրագրողներ»:

Արտակ Բեգլարյանն ասաց, որ մահվան դեպքերի մի մասը տեղի է ունեցել հրետակոծության հետևանքով, սակայն Մարտակերտում դեպքը ռմբահարման հետևանքով է տեղի ունեցել՝ էլի քաղաքացիական օբյեկտների ու շեշտեց. «Սեպտեմբերի 27-ին Հադրութում, երբ սպանվել է տարեց կինն իր բնակարանում, սպանվել է ինքնասպան անօդաչու թռչող սարքի հարվածից:  Դրանից ենթադրվում է, որ հատուկ կերպով քաղաքացիական բնակչությունը թիրախավորվել է: Եթե հրետանու պարագայում հեռահարության վրա որոշակի շեղման հնարավորություն կա՝ նաև միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված, ապա հարվածային ԱԹՍ-ները համարվում են բարձր դիպուկայնության զենքեր, հետևաբար այստեղ սխալի հնարավորություն գրեթե չկա: Այս և մի շարք այլ դեպքերից ակնհայտ է, որ քաղաքացիական բնակչությունը նպատակային, դիտավորյալ կերպով թիրախավորվում է  ադրբեջանական զինված ուժերի կողմից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է, պատերազմական հանցագործություն: Վիրավորման դեպքերը երեկվա դրությամբ 31-ն էին՝ չհաշված այսօրվա Մարտունու դեպքերը»:

Խոսելով քաղաքացիական բնակչության վրա հարձակումների աշխարհագրության մասին՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց. «Ինչպես մահվան, այնպես էլ վիրավորման դեպքերը բավականին լայն աշխարհագրություն ունեն և բավականին տարբեր խորություն ունեն առաջնագծի համեմատ: Մասնավորապես Ստեփանակերտում բավականին լուրջ վիրավորման 10-ից ավելի դեպք է արձանագրվել, Մարտունիում հինգ դեպք, Մարտակերտում մեկ դեպք, նաև Մարտակերտի հարակից գյուղերում էլի դեպքեր են արձանագրվել,  Հադրութում, որը արդեն հարավ է և նաև հարակից բնակավայրերում են վիրավորման դեպքեր եղել: Այստեղից ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջնագծի ամբողջ երկայնքով և մեր բնակավայրերի ամբողջ խորությամբ թիրախավորել է և′ ռազմավարական օբյեկտները, և′ քաղաքացիական բնակչությանը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031