Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում սեպտեմբերի 30-ին հայ համայնքի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երթ՝ ի աջակցություն Հայաստանի եւ Արցախի: Երթը սկսվել է Կիպրոսում իրար մոտ տեղակայված՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանատների դիմացից եւ շարունակվել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն:
Հայերը, ռուսները, կիպրաբնակ հույներն «Artsakh is Armenia», «Artsakh Strong», «Stop Erdogan, Stop Aliyev» գրություններով պաստառներով համախմբվել են՝ անհամաձայնություն հայտնելու Կովկասում Ադրբեջանի եւ Թուրքիայի գործողությունների առնչությամբ: Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մաղդեսյանը հայտարարել է. «Հաջորդ անգամ կհավաքվենք՝ տոնելու հաղթանակը: Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի եւ Հայաստանի հանդեպ ոտնձգություն իրականացնելու»:
Պատգամավորը Կիպրոսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանատների ներկայացուցիչներին փոխանցել է բողոք-նամակ՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիան դադարեցնելու պահանջով. «Մենք երախտապարտ ենք Կիպրոսին եւ Հունաստանին՝ զորակցության համար, եւ հուսով եմ՝ նրանց օրինակին կհետեւն նաեւ այլ պետություններ»:
Կարդացեք նաև
Կիպրոսի բնակչության մոտ 2%-ը հայեր են: Հունարենի եւ թուրքերենի հետ միասին հայերենը Կիպրոսում պետական լեզու է: Կիպրոսի տարածքի 38%-ն օկուպացրել է Թուրքիան, որն այդ երկրի վրա հարձակվել է 1974թ-ին, ինչի հետեւանքով մոտ 300 000 հույներ սեփական երկրում դարձել են փախստական: Կիպրոսի խնդիրը լուծված չէ մինչեւ այսօր:
Հեղինակ՝ Անժելիկա Ազադյանց, Կիպրոս, Նիկոսիա
Լուսանկարները՝ SigmaLive-ի, Cyprus Mail Philenews-ի
Տեսանյութը՝ SigmaLive-ի