Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի ներկայացվածությունն արցախյան կոնֆլիկտի համար անընդունելի է». Ռուբեն Մելքոնյան

Հոկտեմբեր 01,2020 21:35

«Թուրքիայի ներկայացվածությունն արցախյան կոնֆլիկտի համար անընդունելի է եղել տասնամյակներ շարունակ հայկական կողմերի համար եւ այդ մոտեցումը հենված է դիվանագիտական, քաղաքագիտական եւ տարատեսակ այլ հաշվարկների ու իրողությունների վրա: Չեմ կարծում, որ հիմա այդ իրողությունները փոխվել են: Չեմ կարծում, որ հիմա, Թուրքիան որեւիցե կերպ կարող է հավակնել անկողմնակալ միջնորդի կամ կոնֆլիկտը հանգուցալուծելուն միտված պետության դերին: Այնպես որ, Մինսկի խմբի համանախագահների փոփոխությունն այս պահին եւս շարունակում է մնալ անընդունելի եւ մեր դիվանագիտության ու մեր պետականության շահերն հակոտնյա» ,- այս համոզմանն է թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Այս՝ պատերազմական օրերին նաեւ Հայաստանում հնչեցին տեսակետեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի փոփոխության մասին: Այս առիթով մեր զրուցակիցն ասում է. «Չեմ ուզում հավատալ, որ նաեւ Հայաստանում հնչող տեսակետները քաղաքական իրատեսական հիմք ունեն: Ուզում եմ ենթադրել, որ դրանք լրագրողական գրոտեսկի մեթոդներից են՝ ակնարկելով Թուրքիայի՝ ուղղակի ներգրավվածությունն այդ հարցին, եւ անհաջող համեմատություն անելով՝ թեման փորձել ներկայացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի փոփոխության շրջանակում: Եթե դա լրագրողական գրոտեսկի մեթոդ չէ, ապա դա շատ վտանգավոր եւ հայկական պետականության շահերին ամենեւին չհամապատասխանող հանձնառություն է»:

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփն այսօր համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Անդրադառնալով այդ հայտարարությանն էլ Ռուբեն Մելքոնյանը նախ փաստում է, որ երեք նախագահների հայտարարության մեջ քաղաքական բացահայտ ակնարկ կամ ուղերձ կար՝ ուղղված Թուրքիային. «Դիվանագիտական լեզվով ասած՝ սա ամենաբաց տեքստն էր, որտեղ հստակ է և թիրախ երկիրը, և հստակ է ասելիքը: Մասնավորապես, ձևակերպումը, որ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղան՝ շեշտելով Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը:  Դրա հասցեատերը Թուրքիան է»:

Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ տարիներ շարունակ և հատկապես վերջին շրջանում, Թուրքիան անընդհատ խոսում է Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափի անարդյունավետության մասին և այսօր էլ, Թուրքիայի նախագահը արձագանքելով երեք նախագահների առկայությանը, կրկին ձևակերպեց, որ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափն անընդունելի է, որ այսքան տարիների ընթացքում այս ձեւաչափը չի ապահովել արդյունավետություն, ուստի այն պետք է փոխել. «Նույնիսկ բավական կոպիտ արտահայտվեց, որ Ադրբեջանը պետք է կտրի իր բոլոր կապերը այդ ձեւաչափի հետ: Ինչո՞ւ է Թուրքիան շահագրգռված: Որովհետև նրա նպատակն է Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը փոխել Աստանայի ձեւաչափով, որտեղ, օրինակ, սիրիական խնդիրը բանակցում են Թուրքիան և Ռուսաստանը: Բացահայտ Թուրքիան նաև ակնարկում է կամ հայտարարում է, որ նմանատիպ ձեւաչափ էլ ձգտում է հասնել Ղարաբաղյան հարցի համատեքստում, որտեղ տարբեր պետություններ ըստ էության, չեն լինի եւ բանակցային ձեւաչափը Թուրքիայի համար նպաստավոր կլինի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031