Լրահոս
Օրվա լրահոսը

«Տրամադրվեցին տեղեկություններ, որ Ադրբեջանի ողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ` ըստ էության Էրզրումում, Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից». Աննա Նաղդալյան

Հոկտեմբեր 01,2020 21:25

«Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ Ադրբեջանը դիտավորյալ թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքները՝ դրանով պատճառելով մարդկային և նյութական կորուստներ»,- քիչ առաջ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա հիշեցրեց՝ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են նաև հայ և օտարերկրյա լրագրողներ:

Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները եւ «Արմենիա» ՀԸ-ի օպերատորը:

Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին եւս Մարտունի քաղաքում կրակահերթի տակ է  ընկել։

Արցախի Մարտունիում մարտական գործողությունները լուսաբանող եւ գրադի հրետակոծության տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաեւ 24News.am-ի նկարահանող խումբը:

Աննա Նաղդալյանն ասաց՝ դա արվել է այն բանից հետո, երբ ԱԳՆ հայտարարեց, թե որքան մեծ արձագանք կա լուսաբանելու այս հակամարտությունը, և նախարարության կողմից հավատարմագրվել էին ավելի քան հիսուն միջազգային առաջատար ԶԼՄ-ների 200 լրագրողներ, մոտ հարյուրից ավելի լրագրողներ արդեն իսկ աշխատում էին Արցախում և Արցախի շրջաններից մեկի այցելության ժամանակ վերջինները հայտնվել էին կրակի ներքո, երբ Ադրբեջանը հերթական անգամ սկսել էր ուժ կիրառել քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ»:

Աննա Նաղդալյանը հայտնեց՝ արդեն Հայաստանը հայտնել է իր մտադրությունը «Լե Մոնդի» լրագրողին Արցախից տեղափոխել Երեւան: ԱԳՆ խոսնակն ասաց՝ թիրախային կետում է հայտնվել նաև լրագրողներին տեղափոխող մեքենան և շեշտեց՝ լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշան և արտահագուստ:

Աննա Նաղդալյանը հայտարարեց. «Խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ, սիստեմատիկ թիրախավորումը՝ հրետանային և այլ ծանր զինտեխնիկայի կիրառմամբ, լրագրողական գործունեության խաթարումը հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում, և նման գործելաոճը խստագույնս դատապարտելի է»:

Խոսելով Թուրքիայի ներգրավվածության մասին ադրբեջանական ագրեսիայում՝ Աննա Նաղդալյանն ասաց. «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ, միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել: Երեկ ՊԲ-ից արդեն տվյալներ են տրվել թուրքական զինված փորձագետների անմիջական մասնակցության վերաբերյալ. մասնավորապես տեղեկություններ կան, որ անօդաչու թռչող սարքեր, որոնք կիրառվում են այս մարտերում, կիրառվում են թուրք փորձագետների կողմից: Սա զարմանալի չէ. հիշում եք՝ 2016-ի պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կիրառության դրված անօդաչու թռչող սարքերը կիրառվում էին օտարերկրյա մասնագետների կողմից: Տեղեկություն տրամադրվեց, որ ողջ օդային տարածքը գործում է Թուրքիայի հրամանատարությամբ. ըստ էության Էրզրումում, Կարսում տեղակայված հեռավար օդային հրամանատարական կետից»:

Աննա Նաղդալյանի փաստմամբ՝ Թուրքիայի զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը ու  խաթարում միջազգային հանրության մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը. «Միջազգային հանրությունը խիստ կոչ է արել արտաքին դերակատարներին զերծ մնալ հակամարտությունը սրելու ցանկացած գործողությունից,  և Թուրքիան պետք է ականջալուր լինի այս կոչերին: Թուրքայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխելով Ադրբեջան՝ ունի հեռահար նպատակ և կործանարար հետևանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում և դրանից դուրս անվտանգության և կայունության առումով:

Այս քաղաքականությունը տեղավորվում է վերջին տարիներին Թուրքիայի կողմից ընդհանրապես իրականացվող արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ՝ ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատական ջիհադիստական շարժումները դարձել են թուրք վարձկաններ և լայնորեն կիրառվում են նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարների շահերը և ազդեցությունն արտահայտելու հարևան տարածաշրջանում արտահանելու թուրքական քաղաքականությունը: Պետք է նշեմ, որ Ադրբեջանը հանդես է գալիս որպես Թուրքիայի՝ այս քաղաքականությանը ծառայելու միջոց, կասկած չկա, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր, կվերածվի Ադրբեջանը և տարածաշրջանը արյունահեղության հերթական դաշտի: Ապագայի այս հեռանկարը վտանգ է ներկայացնելու տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և հարևան տարածաշրջանների համար:

ՀՀ ԱԳՆ-ն ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որ մենք այս բոլոր մտահոգությունները ներկայացնենք մեր բոլոր գործընկերներին, որպեսզի Թուրքիայի այս ապակայունացնող քաղաքականությունը ստանա այն համարժեք գնահատական և ի վերջո զսպվի: Այս առումով ԱԳ նախարարության ամբողջ անձնակազմը կապի մեջ է եղել իր բոլոր միջազգային գործընկերների հետ: Ժամեր առաջ տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ, այս պահին ընթանում է ԱԳ նախարարի և իր հույն գործընկերոջ հետ տեսակոնֆերանսը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031