Լրահոս
Օրվա լրահոսը

Դունյա Միյատովիչը Բաքվին և Երևանին կոչ է արել ապահովել բնակչության կյանքի իրավունքը

Հոկտեմբեր 01,2020 20:40

Խորապես ցավում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հակամարտության վերսկսման կապակցությամբ, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:

«Կողմերին հիշեցնում եմ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների մասին՝ երաշխավորել կյանքի իրավունքը և պաշտպանել բնակչությանը խոշտանգումներից, անմարդկային կամ  արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքից կամ պատժից: Հակամարտության սրումը պարունակում է լուրջ սպառնալիքներ այս իրավունքներին»,- ասել է Միյատովիչը:

Նա նաև ընդգծել է հակամարտության  գոտուց օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու կարևորությունը՝ նշելով, որ սխալ լուսաբանումը և քարոզչությունը կարող են միայն սրել լարվածությունը: «Ես կոչ եմ անում լրատվամիջոցներին հակամարտությունը լուսաբանելիս պահպանել լրագրողական էթիկայի ամենաբարձր ստանդարտները և պրոֆեսիոնալիզմը,- ասել է նա:- Երկու երկրների իշխանությունները պետք է թույլ տան հավատարմագրված լրագրողներին հասանելիություն ապահովել ճգնաժամի գոտի և ապահովել, որ հակամարտության լուսաբանումն ապահով լինի: Իշխանությունները նաև պետք է ապահովեն, որպեսզի հանրությունը հասանելիություն ունենա տեղեկատվությանը՝ օնլայն և օֆլայն»:

Միայտովիչը նաև կոչ է արել զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է բորբոքել լարվածությունը երկու երկրների միջև: «Սա նշանակում է, որ երկու երկրներում էլ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն լրատվամիջոցներում ատելության խոսքի օգտագործման դեմ և խթանեն փոխըմբռնում և փոխվստահություն: Կոչ եմ անում կողմերին դադարեցնել ռազմական էսկալացիան և վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ խաղաղ կարգավորման բանակցությունները: Սա միակ ճանապարհն է փրկելու քաղաքացիական և զինվորական կյանքերը և պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը ռազմական հակամարտության ավերիչ հետևանքներից»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031