Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համահայկական հիմնադրամին նվիրատվությունները րոպե առ րոպե են ավելանում․ փոխանցումները 30 երկրներից, նույնիսկ՝ Մալազիայից

Հոկտեմբեր 01,2020 20:03

Հայաստան համահայկական հիմնադրամին փոխանցումները, կարելի է ասել, րոպե առ րոպե ավելանում են, աշխարհագրությունն էլ՝ աշխարհի տարբեր ծայրերից՝ ԱՄՆ, ԵՄ երկրներ, Կանադա, Ավստրալիա, Արաբական միացյալ էմիրություններ, Արգենտինա, Ռուսաստան եւ նույնիսկ՝ Մալազիա։

Aravot.am-ի հետ զրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանն այս օրերի նվիրատվությունները համեմատում է 90-ականների հետ,  ու նշում՝ կարծես 90-ականների կրկնությունը լինի, բայց ավելի մեծ ծավալներով։

Հայաստան համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք է նախաձեռնել։  Այս պահին, ըստ հիմնադրամի պաշտոնական կայքի  տեղեկատվության, նվիրաբերվել է ընդհանուր 12 միլիոն 861 հազար 825 դոլար։ Այս գումարն անընդհատ է փոփոխվում, մինչ այս նյութը պատրաստում էինք, մեր նշած գումարից ավելի քիչ էր ընդհանուր հանգանակությունը։

«Սա իրական համազգային մասնակցություն է, բոլորը գիտակցում են, որ սա կենաց եւ մահու կռիվ է, սա իրական մեծ պատերազմ է, պատերազմ է ոչ միային մի երկրի դեմ, որը սանձազերծել է այս պատերազմը, այլ լուրջ ուժերի դեմ կռիվ է»,-ասում է պարոն Արշամյանը։ Նա վստահեցնում է՝ նվիրատուների հոսքն այնքան շատ է, որ հիմնադրամի դրսի գրասենյակները չեն հասցնում, աննախադեպ ծանրաբեռնվածությամբ են աշխատում, դրամական աջակցությունը տեղ են հասցնում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ կայքով, զանգով,  գրասենյակ այցելելով։

Հայկակ Արշամյանն ասում է՝ ամենափոքր գումարից մինչեւ խոշոր փոխանցումներ, օրինակ՝ 10 հազար դոլար եւ ավելի նվիրատվություն են անում․«Ռուսաստանում ողջ հայությունը բանկային փոխանցումներով, հիմնադրամի կայքով, զանգելով նվիրատվություններ են անում, գումարը բերում հասցնում են գրասենյակ։ Բոլորը գիտակցում են, որ այն, ինչ անում են՝ հաղթանակի համար է, մարդիկ վստահ են՝ իրենց ամենափոքր ներդրումը մի քայլ է դեպի հաղթանակ, չեն խնայում իրենց միջոցները։  Մեր ժողովրդի նվիրվածությունը ոգեւորիչ է,  կարծես երկրորդ հեղափոխություն լինի, եւ սա մի գործընթաց է,  որի միջով բոլորս անցնում ենք»։

Հիմնադրամի ղեկավարը ֆեյսբուքի իր էջում պարբերաբար հրապարակում է խոշոր նվիրատվությունները, ասում է՝ նվիրատուներին անուն առ անուն կհրապարակեն հետո, երբ ամփոփեն, իսկ հիմա պարզապես չեն հասցնում, գործը շատ է, հիմա կարողանում են միայն խոշոր գումարների փոխանցումները տեսնել, սա էլ տեխնիկական հարց է։

Այս պահին ամենախոշոր փոխանցումը Մայր Աթոռից է՝ 500 հազար դոլար, Ամենայն Հայոց կաթողիկոսն է կոչ արել, եւ թեմերը լծվել են դրամահավաքի գործին, գործարար Վարդանյան եղբայրներն են 250 միլիոն դրամ փոխանցել, նաեւ դիվանագիտական ներկայացուցիչներն են համայնքներում այս ուղղությամբ աշխատում։

«Սա իսկապես համազգային դրամահավաք է։ Մեզ ասում են՝ նվիրվատվություններ են անում մարդիկ, որոնք անգամ հիմնադրամի մասին չգիտեին, համայնքային կյանքում էլ ներգրավված չէին, բայց հասկանալով, որ Արցախում պատերազմ է, իրենց ներդրում են անում հաղթանակի գործին։ Հիմա Ռուսաստանում նվիրատվության այնպիսի ալիք է, ծիրանի պատմությունից ավելին։ Այս ամենը շատ ոգևորիչ է,  սա եւս մեկ անգամ ապացուցում է՝  երբ մեզ կենսական վտանգ է սպառնում, մենք կարողանում ենք համախմբվել, մենք հասկանում ենք նպատակը, գիտակցում ենք պահի ու ընդհանուր իրավիճակի կարեւորությունն ու լրջությունը»,-ասում է Հայկակ Արշամյանը։ Նա նշում է՝ այս պահին մեծահարուստ բարերարների նվիրաբերումներ դեռ չկան, բայց հույս ունեն, որ նրանք էլ շուտով կմիանան համազգային նվիրատվությանը։

Սփյուռքից նվիրատվություններն ամենաշատը ԱՄՆ-ից է, ըստ հիմնադրամի ղեկավարի, ԱՄՆ մեր հայրենակիցների փոխանցումներն առավոտյան կազմել է  4 միլիոն 150 հազար դոլար, Ֆրանսիայից 250 հազար եվրո է փոխանցվել, նվիրատվություններ  կան Նիդերլանդներից՝ 100 հազար դոլար, Կանադայից՝ 70 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ մոտ երեսուն երկրից նվիրատվություններ կան։ Հավաքվող գումարներն, ինչպես ասաց պարոն Արշամյանը, ծախսվում են տվյալ պահին առաջին անհրաժեշտության կարիքների համար, ինչ պետք է լինում՝ արագ կազմակերպվում է։

Հիմնադրամի գրասենյակին օրերս մի տարեց կին իր կենսաթոշակից հինգ հազար դրամ էր փոխանցել, այսինքն, անձամբ էր գրասենյակ տարել, հետն էլ՝ գրություն՝  «Մեր քաջարի զինվորներին։ Սիրելի հայորդիներ, ներեցեք, որ գումարը քիչ է»։ Հայկակ Արշամյանն ասում է՝ տատիկի այս նվիրատվությունն ամենաոգեւորողն է, նույնիսկ հուզել է բոլորին։ Հետո հիմնադրամն է օգնելու տատիկին, պարոն Արշամյանն ասում է՝ տատիկը հաշմանդամություն ունի, ոտքը վիրահատելու կարիք կա․«Մենք անպայման օգնելու ենք տատիկին, բժշկական ծառայության ծախսերը կհոգանք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031