Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում արդեն երրորդ օրն է, ինչ մի խումբ կամավորներ հավաքվել են, և սնունդ են պատրաստում քաղաքի բնակիչների համար։
Այստեղ անվճար կարող են սնվել բոլորը և ցանկության դեպքում կարող են գումար նվիրաբերել։
Մասնագիտությամբ իրավաբան, դասախոս, բանաստեղծ Սոնա Համբարձումյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբևիցե խոհանոցում նման աշխատանք չի կատարել․ «Բայց այստեղ մեծ սիրով, մեծ ոգևորությամբ աշխատում ենք, որպեսզի և՛ թիկունքում, և՛ առաջնագծում ոչ ոք չմնա առանց նյութական սնունդի։ Մեր տղաների և՛ բազկի, և՛ մեր հրետանու ուժը արդեն ապացուցում է, որ այդ հոգևոր սնունդը իրենք են մեզ տալիս այսօր»։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ բացի նրանից, որ սնունդն է անվճար, նրանք նաև առաքում են այն մարդկանց, որոնք ունեն դրա կարիքը․ «Պատերազմի ընթացքում այնքան էլ տրամադրություն չի լինում հաց պատրաստելու կան տարեց մարդիկ, որոնք դրա կարիքը ունեն, առաքում ենք իրենց՝ իրենց բնակարաններ, իրենց գտնվելու վայրեր, ու նաև մեր աշխատող տղաներին, որոնք նաև պայքարում են այս սադրանքի դեմ, այս հրահրված պատերազմի դեմ, որպեսզի րոպե առաջ վերջնակետ դնեն այս ամենին»:
Ճաշարանի կամավորները տարբեր տարիքի և մասնագիտությունների են, նրանց մեծ մասը հենց Ստեփանակերտում է բնակվում․ «Կարծես, թե ինձ նման առաջին անգամ են մտնում մեծ խոհանոց ոչ միայն տան, ընտանիքի համար, այլ հանրային մեծ լսարանի համար։ Ինչպես տեսնում ենք, այդ ամենը մենք մեծ սիրով և կազմակերպված ենք անում, որ մեր բնակավայրում, մեր Արցախ աշխարհում ընդհանրապես ոչ ոք սով չզգա»։
Ճաշարանը ֆինանսավորում են անհատներ, սակայն նրանք ստանում են Հայաստանից կամավորների ուղարկած օգնությունը։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարները՝ Նարեկ Ավագյանի