Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ. ԵՊՀ-ն դիմել է գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել Արցախի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան

Հոկտեմբեր 01,2020 18:24

ԵՊՀ-ն խնդրել է գործընկերներին՝ դիմել իրենց երկրների կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:

Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունները, որոնք թիրախավորել են նաև քաղաքացիական բնակչությանը, կրում են Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

ՀՀ ԱԳՆ-ի փաստմամբ, Ադրբեջանի հետ կողք կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական և քարոզչական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանն այս գործողությունների վերաբերյալ իրազեկելու և Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան դատապարտելու, Թուրքիային ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց ձեռնպահ մնալու և Ադրբեջանին ռազմական ագրեսիան անհապաղ դադարեցնելու և բանակցային սեղանի շուրջը վերադառնալու կոչ անելու համար նամակով դիմել է աշխարհի տարբեր երկրների իր գործընկերներին, ԵՊՀ-ի բարեկամներին:

Նամակում նա մասնավորապես նշել է. «Մեծարգո՛ գործընկերներ, Երևանի պետական համալսարանի հարգարժա՛ն բարեկամներ, մեծ ցավով տեղեկացնում եմ, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) շփման գծի ողջ երկայնքը ռազմաօդային ու հրետանային հուժկու հարձակման է ենթարկվում ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ադրբեջանի կողմից խոշոր տրամաչափի և զավթողական պատերազմներին բնորոշ մահաբեր զինատեսակների օգտագործմամբ թիրախավորվում են նաև Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Դրա հետևանքով զոհվում են զինծառայողներ, խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ:

Սեպտեմբերի 29-ին ադրբեջանական զինված ուժերը հրետակոծել են նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն պետական սահմանին տեղակայված հայկական բնակավայրերը՝ պատճառելով մարդկային կորուստներ, վնասելով խաղաղ բնակչության համար կենսական կարևորության ճանապարհներ, գազատարներ, երկաթուղին, կապի միջոցները և այլն:

Ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան ուղեկցվում է էթնիկ հայերի, Արցախի ու Հայաստանի բնակիչների նկատմամբ աննախադեպ ծավալի ատելության խոսքով, բռնության, այդ թվում՝ սպանությունների ագրեսիվ կոչերով:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայում ակտիվորեն և անթաքույց ներգրավված է Թուրքիայի Հանրապետությունը, ինչի վկայությունն է սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից ՀՀ օդային տարածքում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ռազմաօդային ուժերի ՍՈԻ-25 գրոհիչի խոցումը, ինչին զոհ գնաց օդաչուն:

Ադրբեջանա-թուրքական տանդեմն Արցախի ու Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայում ներգրավել է Սիրիայից, Լիբիայից ժամանած մեծաթիվ վարձկան-ահաբեկիչների, ինչի մասին վկայություններն այս օրերին ողողված են աշխարհի առաջատար լրատվամիջոցներում: Նշվածը խստիվ դատապարտել են նաև աշխարհի բազմաթիվ պետություններ, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպություններ:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 2019 թ. սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Ակնհայտ է, որ այս օրերին հայ ժողովուրդն Արցախում պատերազմում է միջազգային ահաբեկչության դեմ՝ պաշտպանելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Հայտնելով վերոգրյալի մասին՝ Երևանի պետական համալսարանի անունից խնդրում եմ ձեզ դիմել ձեր երկրների ազգային կառավարություններին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝

– դատապարտելու Արցախի Հանրապետության նկատմամբ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան,

– կոչ անելու երրորդ երկրներին, մասնավորապես՝ Թուրքիային ձեռնպահ մնալ ադրբեջանական ռազմական ագրեսիային և ահաբեկչական գործողություններին աջակցելուց,

– պահանջելու Ադրբեջանից անհապաղ դադարեցնել ռազմական ագրեսիան և վերադառնալ բանակցային սեղանի շուրջը՝ Մինսկի խմբի մանդատի ներքո խնդրի խաղաղ հանգուցալուծում գտնելու նպատակով»:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031