«Յուրաքանչյուր հայ այս օրերին պետք է ձգտի գնալ առաջնագիծ: Ես, քանի որ չունեմ նման հմտություններ՝ գոնե պիտի թիկունքում լինեմ: Այս պահին իմ տղան առաջնագծում է, այնտեղ կռվող յուրաքանչյուր երեխա իմ որդին է ու ես պարտավոր եմ լինել այնտեղ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Հակոբյանը:
Ինչպես տեղեկացրել ենք, արդեն 3-րդ օրն է, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շտաբում Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ կանանց կամավորական զորահավաք է: Այսօր ժամը 13-ի դրությամբ արդեն 193 կին էր անդամագրվել:
Նաիրայի տղան Մարտակերտում է ծառայում, միակ որդին է. «Առյուծ տղա ունեմ, զանգում է, ասում է՝ ամեն ինչ լավ է, ապահով ենք, ոչ մի խնդիր չկա, բայց ես լավ գիտեմ, որ արդեն 25-րդ օրն է, ինքն առաջնագծում է: Ես մասնագիտությամբ բուժակ եմ, բայց քանի որ աշխատում եմ հյուրանոցային համակարգում, գրանցվեցի՝ որպես խոհարար»:
Երբ հարցրեցինք՝ չե՞ք վախենում՝ նա պատասխանեց. «Վախը ոչ թե իմ կյանքի համար է, այլ բոլոր այն երիտասարդների, մատղաշ սերնդի համար, որ հիմա պայքարում են»:
Կարդացեք նաև
Գայանեն կրակելու եւ առաջին բուժօգնության հմտություններ ունի, գնալու է առաջնագիծ: Եղբայրները սահմանին են, գնում է՝ նրանց օգնելու. «Վախ չկա, անհանգստություն չկա, գիտեմ ուր եմ գնում ու ինչի եմ գնում»,- ասաց նա՝ անգամ չցանկանալով ազգանունը հրապարակել:
Ընդհանրապես կամավոր զորահավաքին մասնակցող կանանց մեծամասնությունը հորդորում էր իրենց չլուսանկարել՝ վստահեցնելով, որ իրենց պարտքն են կատարում, դա ուշադրության արժանի քայլ չէ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ