Լրահոս
Օրվա լրահոսը

Մաննե. «Երջանկությունն այն պահն է, երբ չկա պատերազմ ու քեզ անհանգստացնում են մանր խնդիրներ»

Հոկտեմբեր 01,2020 17:33

Մանե Բաղդասարյանը՝ Մաննեն երիտասարդ ռեժիսոր է, բայց արդեն մի շարք մրցանակների է արժանացել, նաեւ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ է ստացել: Այս օրերին, երբ մեր տարածաշրջանը եռում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով, Մաննեի հակապատերազմական «Ճայը» վավերագրական-էքսպերիմենտալ ֆիլմը մասնակցում է«ԵվրազիաԴոկ» միջազգային կինոփառատոնին:

«Հոկտեմբերի 2-ին ԵվրազդիաԴոկ կինոփառատոնի փակումն է, որտեղ իմ «Ճայը» ֆիլմով ցուցադրում եմ պատերազմների չարիքը, իսկ «Շապիտո» ֆիլմում ունեմ հատված, որտեղ խոսվում է Արցախյան գոյամարտի մասին ռադիոյով, և հուրախություն բոլորիս` այս ֆիլմը Բրոդվեյի միջազգային հայտնի կինոփառատոնում է ընդգրկվել եւ ցուցադրվելու է Լոս Անջելեսում»,-ասում է ռեժիսորը:

Մաննեի հետ զրուցել ենք Aravot.am-ի Ֆեմինի ծրագրի շրջանակում: Ռեժիսորն ասում է, որ վերջին գիրքը, որ կարդացել է գիտական գրականություն էր՝ ռադիոկենսաբանության ոլորտից. «Ես դա կարդացել եմ հետաքրքրությունից ելնելով. ուսումնասիրում էի ճառագայթների ազդեցությունը մեզ վրա, որովհետեւ մեր շուրջը ռադիացիա է ամենուրեք` թե էլեկտրամագնիսական, թե իոնացնող: Հաճախ եմ այդպիսի գրքեր կարդում, ու նման գիտելիքներն ինձ օգնում են արվեստն ավելի լավ հասկանալ»:

Իր կյանքում ճակատագրական դերակատարություն ունեցող մարդկանց եւ դիպվածների մասին խոսելիս՝ մեր զրուցակիցն ասում է, որ իրեն հանդիպող այդպիսի մարդիկ նաեւ անծանոթներն են. «Աշխատանքի, ֆիլմի բերումով ես հաճախ եմ լինում հիվանդանոցում եւ տեսնում եմ տարբեր դրսեւորումներ, ժեստեր, հոգեբանական ռեակցիաներ, որոնք ոչ մի գրքում չես գտնի, դրանք վավերագրական դրվագներ են: Վերջերս էլ հիվանդանոցներից մեկի բակում տեսա, թե ինչպես զանգահարեցին մի ծեր կնոջ ու հայտնեցին իր հարազատի մահվան մասին: Ինքը սկզբում լաց եղավ, իրեն սպասում էր նաեւ մի պապիկ: Ապա այդ կինը բարձրացավ հիվանդանոց, վերցրեց մահացածի իրերը` այդ թվում տոպրակով բանան, որը նրանք հետո սկսեցին երկուսով ուտել…Ինձ համար դա զարմանալի, հետաքրքիր ու դաժան տեսարան էր …

Նման դրվագները, նման մարդկանց հանդիպելը փոխում է ինձ, ես այդ դրվագները գրի եմ առնում: Այդ պահին չեմ նկարում, թեեւ իմ տեսախցիկը միշտ ինձ մոտ է լինում, ասում են` վավերագրողը պետք է իր մոտ միշտ տեսախցիկ ունենա, բայց այդ պահին դու հասկանում ես, որ դա վավերագրության համար չէ, դու վատ ես զգում նկարել, հասկանում ես, որ դա խաղարկային դրվագներում հետո կարող ես օգտագործել…Կան բաներ, որոնք վավերագրությամբ չեն լուծվելու, ու պետք է դրանք տարբերակել»:

Aravot.am-ի հետ զրույցում մեր զրուցակիցը նշում է, որ ոգեւորություն եւ հիասթափություն կարող է լինել այն ժամանակ, երբ կա հանդիսատեսի գնահատականն ու արձագանքը. «Յուրաքանչյուր մարդ յուրովի է ընկալում ցանկացած բան, լինի դա ֆիլմ, թե արվեստի հետ կապ չունեցող ինչ-որ բան, բայց երբ դու սպասում ես ռեակցիաների, դրանից մեծ ոգեւորություն չկա, դրանից դու հասկանում ես` ստացվե՞լ է քեզ մոտ, թե ոչ: Եվ հետո ամեն անգամ դու մրցանակ չես կարող ստանալ փառատոներից: Ու երբեմն կան բաներ, որ մրցանակից ավելի թանկ են: Օրինակ, մի անգամ Մոլդովայում մի մարդ, որ նայել էր ֆիլմս, ինձ ճանաչել էր, մոտեցավ ու նվիրեց իր ստորագրությամբ մի նկար, որ ինքն էր գրիչով նկարել, դա ինձ համար իսկապես մրցանակից թանկ էր»:

Հարցրինք` իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: Մաննեն ասում է, որ անհամեստ կհնչի եթե ասի հաջողակ է, բայց մյուս կողմից էլ իրեն այդպիսին է համարում, որովհետեւ ինչ երազել է՝ ստացել է: Նաեւ հավելում է. «Կարծում եմ` պետք է միշտ մտածել, որ ոչ մի բան չունես ու նորից զրոյից աշխատել նոր բանի վրա, այդ դեպքում կհասկանաս` ապագայում էլ կմնա՞ս հաջողակ, թե ոչ, որովհետեւ հաջողակ լինելը հավիտենական վիճակ չէ»:

Երջանկության մասին էլ խոսեցինք: Մաննեն վստահ է. «Դա այն պահն է, երբ քեզ անհանգստացնում են շատ մանր խնդիրներ…Նախկինում, երբ ինձ նման խնդիրներ էին անհանգստացնում, չէի զգում դրանց մանր լինելը, բայց հետո, երբ սկսվում է պատերազմը, ու դու հասկանում ես, որ այն ժամանակ իսկապես երջանիկ էիր»:

Ինչ վերաբերվում է ֆիլմերին, որ ամեն օր մասնագիտության բերումով դիտում է, դրանցից առանձնացնում է հատկապես Արտավազդ Փելեշյանի «Մարդկանց երկիրը», որը բազմիցս է դիտել. «Ամեն անգամ այդ ֆիլմում գտնում եմ ոգեւորություն` հաջորդ ֆիլմիս համար, չնայած նրան, որ ամեն անգամ տարբեր թեմաներով կարող ես նկարել»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մաննեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031