Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք բոլորս էլ զինվորներ ենք եւ պատրաստ ենք կռվել՝ լինի աղջիկ, թե տղա». Հարյուրավոր կանայք կամավոր են գրվել ու խնդրում են իրենց տանել առաջնագիծ

Հոկտեմբեր 01,2020 16:56

21-ամյա նկարիչ-դիզայներ Նարինե Անտոնյանն այսօր մասնակցում էր կանանց կամավորական զորահավաքի ցուցակագրմանը: Անդամագրվեց, ասացին՝ սպասեք մեր զանգին: Նարինեի նման Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շտաբում Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ կանանց կամավորական զորահավաքին մասնակցելու համար մեր ներկայության ժամանակ մի քանի տասնյակ կանայք հերթ էին կանգնել:

Նարինեն մեզ հետ զրույցում ասաց, որ պատրաստ է մեր զինվորներին, բանակին օգնել ինչով կարող է, միայն թե թույլ տան. «Զենք քանդել-հավաքել գիտեմ, բուժօգնությանն եմ տիրապետում որոշակի չափով: Ես Արցախում լիքը ընկերներ ունեմ, բայց անգամ եթե որեւէ մեկին չունենայի, մեկ է, ցանկությունս շատ մեծ է առաջնագիծ գնալու: Զենքով կրակել շատ շուտ կսովորեմ, որովհետեւ երազանքս դիպուկահար դառնալն էր, բայց չստացվեց»: Նարինեն ասաց, որ վախը հաղթահարում է, որովհետեւ դրանից ավելի կարեւոր բաներ կան կյանքում: Երբ հարցրեցինք՝ ինչպե՞ս կայացրեցիք այս որոշումը՝ ծառայելու հայրենիքին՝ նա պատասխանեց. «Ես չեմ նստել մտածել՝ անե՞մ, թե՞ չանեմ, ուղղակի զգացողություն ունեմ, որ պետք է անեմ ու վերջ»:

Հեղինե Հախնազարյանը ապագա քաղաքագետ է, սովորում է Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումնասիրում է համաշխարհային քաղաքականություն:

Հարցին, թե ի՞նչ նպատակով եք եկել՝ Հեղինեն պատասխանեց. «Գնալու, կռվելու եւ հաղթելու: Մեր հզորագույն զորավարներից մեկը՝ Գարեգին Նժդեհն ասել է՝ բավական չէ միայն ազգի զավակը լինել, նաեւ պետք է նրա հրաշունչ զինվորը լինել, հետեւաբար, մենք բոլորս էլ զինվորներ ենք եւ պատրաստ ենք կռվել՝ լինի աղջիկ, թե տղա: Արական-իգական սեռը կարեւոր չէ, կարեւորը միայն ուժն է»:

Նրան առաջնագիծ չեն տանում, թիկունքում է լինելու, թեեւ կրակել գիտի դպրոցական տարիքից: Ռազմագիտություն առարկան այստեղ շատ է օգնել, ե՛ւ զենքը քանդել-հավաքել գիտի, ե՛ւ կրակելուց է գլուխ հանում:

Երբ հարցրեցինք՝ ի՞նչ նպատակներ, երազանքներ ունեք՝ Հեղինեն պատասխանեց. «Դառնալ Հայաստանի առաջին կին վարչապետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031