Արցախի Մարտունիում մարտական գործողությունները լուսաբանող եւ գրադի հրետակոծության տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաեւ 24News.am-ի նկարահանող խումբը։ 24News.am-ից տեղեկացնում են, որ իրենց լրագրող Սեւակ Վարդումյանն ու օպերատոր Արթուր Հարությունյանն էին տեղում աշխատել։ Սեւակ Վարդումյանը թիկունքից բեկորային վիրավորում է ստացել, նրան տեղափոխում են հիվանդանոց, օպերատորը չի տուժել, սակայն նրա ավտոմեքենան ամբողջությամբ վնասվել է։ Սեւակ Վարդումյանի վիճակը, ըստ 24News.am-ի, ծանր չէ, նա գիտակցության է։
Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրողների խմբում են եղել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզըը ու «Արմենիա» ՀԸ-ի օպերատորը, որոնք եւս վիրավորում են ստացել։ Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Մարտունի քաղաքում կրակահերթի տակ է ընկել։
Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է
Կարդացեք նաև
Լրագրողների խումբը հրետակոծության տակ է հայտնվել այն ժամանակ,երբ նրանց Մարտունիում ցույց էին տալիս սեպտեմբերի 27-28-ին հրետակոծված խաղաղ բնակիչների ավերված տները։ Այս մասին հայտնում է ռուսական «Դոժդ»-ը։ Նկարահանող խումբը կանգ է առել Մարտունիի կենտրոնում, Ելովսկին հարցազրույցներ էր անում քաղաքացիների հետ, հենց այդ պահին էլ պայթյունների ձայներ են լսվել իրենցից մի քանի տասնյակ մետրի վրա։
«Բարեբախտաբար, հարեւանությամբ ապաստարան կար եւ մենք բոլորս վազեցինք այնտեղ պատսպարվելու։ Լա Մոնդի լրագրողները մեկ այլ ավտոմեքենայում էին»,-պատմել է Ելովսկին։
Նա նաեւ նշել է, որ Մարտունիի կենտրոնում, որտեղ գտնվում էին լրագրողները, կային նաեւ խաղաղ բնակիչներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ