«Իրազեկված չէ հատկապես լայն հասարակությունը և դա հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով»,-«Մեդիա կենտրոնում» «Անձնական տվյալների պաշտպանությունը պատերազմական իրավիճակում» թեմայով քննարկմանը հայտարարեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը:
Նրա բնութագրմամբ՝ պատերազմական, ճգնաժամային իրավիճակներում անձնական տվյալների պաշտպանությունը վերածվում է կյանքի իրավունքի, ազգային անվտանգության հարցի. «Կարող է անզգուշաբար մի հասարակ տվյալի փոխանցումը սպառնալիք դառնալ ազգային անվտանգության համար: Դա միաժամանակ երևում է սոցցանցերում, որտեղ մարդիկ առավելագույն անպատասխանատվություն են ցուցաբերում: Բացարձակ նեղություն չտալով իրենց, որպեսզի ստուգեն, թե ով է իրենից տվյալ պահանջվող սուբյեկտը, անձը, օգտատերը, որքանով հավաստի է, որ նա բարի նպատակներ ունի: Ձեր մասին որևէ տվյալ, ձեր հարազատի մասին որևէ տվյալ որևէ անձի պետք չէ փոխանցել: Ընդհանրապես անձնական տվյալների փոխանցումը պետք է ունենա օրինական նպատակ, պետք է շատ լուրջ մոտենալ այդ հարցին»:
Հարցին՝ որքանո՞վ է արդարացված լուսաբանումների ընթացքում անչափահաս երեխաների լուսանկարների տեղադրումը և ինչպես երեխաներին հեռու պահել վնասակար տեղեկատվությունից, Շուշան Դոյդոյանը պատասխանեց. «Կանոնը հետևյալն է: Մինչև 13 տարեկան դառնալը երեխաների գրանցումը սոցցանցերում արգելված է: Սա պատահական կանոն չէ: Այս տարիքային ցենզն են սահմանում, քանի որ մինչև այդ տարիքը երեխաները դեռ լիարժեքաբար չեն կարողանում գիտակցել իրենց գործողությունների ամբողջ տրամաբանությունը և հետևանքները: Մեկ երեխայի խնդիր կարող է վերաճել ամբողջ երկրի ազգային պետականության խնդրի»:
Շուշան Դոյդոյանը կարծում է, որ TIK TOK-ի փակելը հիմնավորված էր: Այս առիթով ասաց. «Լինելով լիբերալ հայացքների տեր անձնավորություն, մշտապես պայքարելով խոսքի ազատ արտահայտման իրավունքի լիարժեք իրականացման համար՝ առաջին անգամն է, որ հիմնավորված է եղել պետության կողմից այս միջամտությունը, քանի որ հակառակ դեպքում ուղղակիորեն սպառնալիքի էր վերածվել ազգային անվտանգության համակարգը: Ծայրահեղ միջոց է եղել, բայց և անհրաժեշտ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ