Tik Tok սոցիալական ցանցը Հայաստանում արդեն երկու օր է՝ հասանելի չէ: Aravot.am-ը մեդիա փորձագետ Արթուր Պապյանից փորձեց ճշտել տեղյա՞կ է, թե ինչն է պատճառը:
«Կարդացել եմ, որ «Հետքը» Tik Tok-ը փակվելու առիթով դիմել է ԱԱԾ ու պատասխան ստացել, թե չեն մեկնաբանում: Տեխնիկական տարբեր միջոցներով փորձել եմ ու Tik Tok-ը հասանելի չէ: Այսքանը գիտեմ: Իսկ թե ինչու է փակվել, ենթադրաբար, կարող են լինել տարբեր պատճառներ: Օրինակ, տեխնիկական: Ասենք, Հայաստանում Tik Tok-ին սպասարկող բոլոր սերվերները ինչ-որ պատճառով փչացել են: Այս տարբերակը բացառել հնարավոր չէ: Բայց երկրորդ՝ խելքին մոտ տարբերակը այն է, որ Tik Tok-ում հիմա շրջանառվում են մեծ թվով կեղծ, նույնիսկ անհեթեթ ինֆորմացիաներ: Ինձ թվում է՝ կա հավանականություն, որ իշխանությունները այս կեղծ լուրերի շրջանառության դեմն առնելու նպատակով Tik Tok-ը ժամանակավորապես արգելափակել են: Բայց քանի որ չունենք պաշտոնական կոնկրետ պարզաբանում, այս ամենը ենթադրությունների մակարդակում է:
Հարցին՝ տեղեկություն կա՞, թե Tik Tok ցանցից օգտվելիս են եղել ինչ-ինչ լրատվամիջոցներ եւ դրանք դժգոհում են, Արթուր Պապյանը պատասխանեց. «Լրատվամիջոցներն իրականում Tik Tok-ում դեռ առաջին քայլերն են անում: Կայացած լրատվամիջոցները այն լուրջ չեն էլ ընդունում, որովհետեւ մեծ հաշվով Tik Tok-ը համարվում է թինեյջերների լրատվամիջոց, չնայած վերջին 3-4 ամսում շատ մեծ աճ կա: Եվ ես նույնիսկ կզարմանամ, եթե ասեք՝ ինչ-որ լուրջ լրատվամիջոց Tik Tok-ից լրջորեն օգտվում է: Պարզապես, ալգորիթմն է այնպիսին, որը նախ շատ գաղտնի է պահվում: Շատ ուժեղ, գրավիչ ալգորիթմ է: Հիմա այդ ալգորիթմով, թե ինչով, ամենաանտանելի, սարսափելի ֆեյք նյութերը շատ մեծ լսարան են ունենում Հայաստանում, ինչը իսկապես խնդիր է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ