Արդեն 3-րդ օրն է, Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի օպերատիվ շտաբում Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ, կանանց կամավորական զորահավաք է: Այսօր ժամը 13-ի դրությամբ արդեն 193 կին էր անդամագրվել: Դռների մոտ երիտասարդ աղջիկներ, կանայք հերթ են կանգնել՝ առաջնագիծ գնալու: Ընդ որում, երբ պարզվում է, որ տարիքային շեմը, կամ ինչ-ինչ պատճառներ խանգարում են ու չեն կարող անդամագրվել, արցունքն աչքերին հեռանում են:
25-ամյա մակրոտնտեսագետ Քրիստինե Քրյանը եկել էր կամավորագրվելու՝ առանց տան անդամներին տեղյակ պահելու: Նա նոր է ամուսնացել, դեռ չի հասցրել երեխա ունենալ, բայց քանի որ հայրն ու իր ամուսինը կամավոր են գրվել, ինքն էլ շտապել է հետ չմնալ. «Անկեղծ ասած, առաջին իսկ օրվանից տան անդամներին ասել եմ, որ գնալու եմ ու կամավոր եմ գրվելու, լուրջ չեն ընդունել, ասել են՝ դե նստի տեղդ, հիմա ժամանակը չի, երբ որ ժամանակը կգա՝ կգնաս: Բայց քանի որ մերոնք արդեն իսկ գրվել են, ե՛ւ ամուսինս, ե՛ւ հայրս, հիմա տեղյակ էլ չեն իմ այս քայլից, բայց իրենք կգրվեն, ես չե՞մ գրվի: Սա իմ պատասխանն է: Միանշանակ, մինչեւ կյանքիս վերջը պատրաստ եմ ծառայել հայրենիքիս ու իմ ազգին»:
Հարցին, թե ի՞նչը մղեց այս քայլին՝ նա միանգամից պատասխանեց. «Թասիբս: Թասիբս՝ իմ տունը, ինձ հարազատ մարդկանց պաշտպանելու»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով. «Եկել եմ անդամագրվելու, որովհետեւ ինձ իմանալով՝ չեմ կարող նստել Երեւանում ու ուղղակի դիտել, թե ինչպես են կանայք եւ տղամարդիկ իրենց կյանքի գնով պաշտպանում մեր հայրենիքը: Ես ուզում եմ սրտանց մասնակից լինել, թեկուզ ինչ-որ փոքր բանով»:
Հարցին՝ կրակելու հմտություններ ունե՞ք զենքի հետ առնչություն ունեցե՞լ եք՝ նա պատասխանեց. «Չեմ ունեցել, հուսով եմ՝ կունենամ: Բայց ունեմ առավելություններ հաստատ, որով կկարողանամ օգուտ տալ: Մոտավորապես պատկերացում ունեմ ինչ պետք է անեմ, չեմ ուզում փակագծեր բացել: Վստահ եմ, որ կկարողանամ տակից դուրս գալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ