«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտաքին աշխարհում մեր Արցախյան գոյամարտի ընկալման կոնտուրներն այլևս ընդգծվում են և ընկալվում: Բնականաբար յուրաքանչյուր երկիր թե՛ տարածաշրջանային և թե՛ աշխարհաքաղաքական խտացմամբ ունի իր շահերի ընդգծման ֆորմուլան և գերակայությունը:
Ինչ խոսք «գլոբալիստական դեմոկրատ» աշխարհի որոշակի, կարծում եմ, ժամանակավոր նահանջը և «ռեգիոնալ պահպանողական ավտոկրատիաների» որոշակի ազդեցության բարձրացումը ևս ունի իր բացասական ազդեցությունը: Չկա նախկին միակենտրոն, ուղղահայաց քաղաքական դիկտատը, փոխարենը աճել է ռեգիոնալ ակտորների ազդեցիկությունն ու ինքնուրույնությունը:
Որքանով է դա լավ կամ վատ ցույց կտա ժամանակը: Սակայն այս պարագայում հստակ է այլևս մեր դիմակայության և տոկունության ռեգիոնալ շահառուների զույգը ի դեմս ՌԴ-ի և Իրանի:
Հատկապես Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաների զսպման առումով այս դեռևս ինկոգնիտո կոալիցիան ամբողջությամբ գտնվում է հայկական շահի պաշտպանության ուղեծրում: Հստակ է, որ այդ շահի պաշտպանությունը դեռևս բարձրաձայն չի արվում, նաև հասկանալի է թե ինչու, սակայն այն, որ որպես զսպող և կանխող ուժ և գործոն հայկական զինուժը սկսել է ներկայանալ նաև որպես փայլուն օրինակ, ինչը ծանրակշիռ դիրք և հնարավորություններ է բացում մեզ համար նաև դիվանագիտական ֆրոնտում, այլևս աներկբա է:
Այս պարտիան թուրք ադրբեջանական ալյանսն այլևս տանուլ է տվել: Դա սկսել է հասկանալ նաև արևմտյան աշխարհը ում ձայնը առավել լսելի կդառնա առաջիկա օրերին: Առավելևս, որ իր գործելաոճով և գործիքակազմի կիրառմամբ ( անթաքույց ներգրավում կոնֆլիկտի մեջ, վարձկան գրոհայինների և ռազմական աջակցության մեծածավալ կիրառում) Թուրքիան այլևս տալիս է իրեն սանձել ցանկացողներին մեծ հաղթաթուղթ: Սակայն դա բացարձակապես չի նշանակում, որ կխոսեն արևմտյան իդեալներն, որոնց կոչեր կարվեն հետամուտ լինել: Կխոսեն բացառապես քաղաքական շահերը, այն էլ աշխարհաքաղաքական շահերը, որտեղ արևմուտքը Թուրքիայի զսպման որոշակի հնարավորություն կստանա: Եվ այդ հնարավորությունը նրան տալիս է մի փոքր, ռազմական առումով վիրտուոզ մի «երիտասարդ», որի անունն է «Հայկական զինուժ»:
Կարդացեք նաև