Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան չպետք է «կրակի վրա յուղ լցնի». Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին քննարկումներ Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում

Հոկտեմբեր 01,2020 12:40

Սեպտեմբերի 29-ին Ավստրիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում տեղի են ունեցել քննարկումներ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին։

Հարցի վերաբերյալ խորհրդարանում քննարկումների ընթացքում խմբակցությունների ներկայացուցիչների դիրքորոշումները ներկայացրել են Ավստրիական APA և Kronen Zeitung լրատվամիջոցները։

Հանձնաժողովի անդամներին իրավիճակի վերաբերյալ զեկուցել է Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

Նախարարը շեշտել է դեէսկալացիայի «հրատապ անհրաժեշտությունը»: Նա տեղեկացրել է, որ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում նա նույնպես կոչ է արել դադարեցնել բոլոր մարտերը շփման գծի երկայնքով և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Նախարար Շալլենբերգն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամն ապացուցում է, թե որքան արագ կարող է լարվածությունը վերածվել թեժ հակամարտության: «Լարվածությունը պետք է նվազեցվի խոսքով և գործով»,-նշել է արտգործնախարարը՝ նկատի ունենալով տարածաշրջանի բոլոր դերակատարներին:

Նախարարի զեկույցին հետևած քննարկումների ժամանակ ելույթներով հանդես են եկել հանձնաժողովի անդամները։ Մասնավորապես, հանձնաժողովի փոխնախագահ ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության պատգամավոր Ռայնհոլդ Լոպատկան ուշադրություն է հրավիրել Թուրքիայի դերին և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դիտավորյալ սրելու մեջ:

FPÖ/Ավստրիայի ազատական կուսակցության անունից խոսել է պատգամավոր Աքսել Կասեգգերը, ով Թուրքիային բնութագրել է որպես տարածաշրջանում անկարգություններ հրահրող գործոն, և մեկ անգամ ևս կրկնել իր խմբակցության կոչը ԵՄ-ին՝ վերջնական խզել Անկարայի հետ անդամակցության բանակցությունները:

FPÖ-ի արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ, պատգամավոր Լեո Կոհլբաուերն ասել է, որ ակնկալում է, որ Եվրամիությունը կմիջամտի Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա զինված հարձակման հարցում: Ըստ Կոհլբաուերի, թուրք բռնակալ Էրդողանը պետք է ԵՄ կողմից կարգի հրավիրվի և պատժվի, եթե անմիջապես չդադարեցնի իր աջակցությունը Ադրբեջանին: «Թուրքիան, ըստ երևույթին, այստեղ նոր հնարավորություն է տեսնում իր կողմից ատելի հայերին ոչնչացնելու համար», – նշել է Կոհլբաուերը՝ հիշեցնելով 1915-16 թվականներին հայերի դեմ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման շուրջ քննարկումը:

Կոհլբաուերը իսլամական Ադրբեջանի ագրեսիան համարում է տարածաշրջանը իսլամականացնելու նոր փորձ, որի զոհ կարող է դառնալ քրիստոնյա Հայաստանը, իսկ Էրդողանի աջակցությունն Ադրբեջանին անակնկալ չէ: Կոհլբաուերը կոչ է արել ԵՄ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել` մարդկային կյանքերը փրկելու և տառապանքներից խուսափելու համար:

Պատգամավորի խոսքով, ԵՄ-ն այժմ պետք է մի կողմից միջամտի և միջնորդի հակամարտող կողմերի միջև, մյուս կողմից անհապաղ ստիպի թուրք բռնապետին խիստ պատժամիջոցների սպառնալիքով հրաժարվել իր նկրտումներից: «Եթե Էրդողանը ցանկանում է ցույց տալ Եվրոպային, թե որքան վճռական ու հզոր է, ապա Եվրոպան այժմ պետք է Էրդողանին ցույց տա, որ ինքն ավելի վճռական է ու հզոր: Շատ հաճախ ենք մենք զիջում Թուրքիային», – ասել է Կոհլբաուերը, անդրադառնալով նաև Վիեննայի Ֆավորիտեն թաղամասում վերջերս տեղի ունեցած թուրք-քրդական բախումներին, որոնք, ըստ պատգամավորի, հրահրվել և կազմակերպվել էին Ավստրիայում թուրքական կազմակերպությունների կողմից:

Կանաչների խմբակցության ղեկավարի տեղակալ, կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի խոսնակ Եվա Էռնստ-Ձիձիչի կարծիքով ուժի կիրառումը չի կարող հանգեցնել խնդրի վերջնական կարգավորման։ «Ուժի կիրառումը վստահաբար սխալ միջոց է այս հակամարտության համար վերջնական ​​լուծում գտնելու համար, որը տասնամյակներ շարունակ մարում և կրկին բռնկվում է», – նշել է նա։ Եվա Էռնստ-Ձիձիչը նույնպես քննադատել է Թուրքիային՝ ռազմատենչ հռետորաբանության և, ըստ շրջանառվող լուրերի, Սիրիայից ջիհադիստ վարձկաններ Ադրբեջան ուղարկելու համար։ Էռնստ-Ձիձիչն անհապաղ հրադադարի և տարիներ շարունակ լարված հակամարտության հարցում միջազգային միջնորդության կոչ է արել: «Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և փոխարենը օգտվեն միջազգային միջնորդական առաջարկներից», – նշել է Էռնստ-Ձիձիչը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ով այսօր նույնպես կոչ է արել հակամարտող կողմերին դադարեցնել մարտերը, և ԵԱՀԿ միջնորդական ձևաչափին:

«Մենք կաջակցենք ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի ցանկացած նախաձեռնությանը` լուծել այս երկարատև հակամարտությունը: Սակայն երկարաժամկետ հեռանկարում հաջողության կարելի է հասնել միայն, եթե երկու կողմերն էլ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և պատրաստ լինեն նաև տարածքային զիջումների: Առանց միջազգային միջնորդության, ես ներկայումս չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են երկու պատերազմող կողմերը դուրս գալ խառնաշփոթ իրավիճակից: Հետևաբար, մենք պետք է միջազգային մակարդակով արագ առաջ շարժվենք և սկսենք խաղաղության լուրջ գործընթաց, հակառակ դեպքում արյունահեղությունը հավերժ կշարունակվի», – ասել է պատգամավորը:

Եվա Էռնստ-Ձիձիչը նշել է նաև, որ «այս իրավիճակում Թուրքիայի նախագահ Էրդողանը չպետք է «կրակի վրա յուղ լցնի» և դրանով է՛լ ավելի թեժացնի հակամարտությունը: Խոսքը մարդկային կյանքի մասին է, որն ավելին է, քան ներգրավված մեծ ուժերի խաղերը»: Ըստ պատգամավորի, Ռուսաստանն այստեղ նույնպես կարող է պատասխանատու դերակատարում ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031