Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ փոխնախարար. «Ադրբեջանական սադրանքին են տրվել Մոսկվայի կինոփառատոնի կազմակերպիչները»

Հոկտեմբեր 01,2020 12:08

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով կատարվածը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշեց. «Մեր ցավը եւ մտահոգությունը ոչ թե այն է, որ համատեղ արտադրությամբ՝ առաջատար եվրոպական երկրների ընդգրկվածությամբ, հայկական ֆիլմը հանվել է փառատոնի ծրագրից, այլ որ հերթական անգամ քաղաքակիրթ պրոֆեսիոնալ միջավայրն ընկրկել է քաղաքական սադրանքների առջեւ: Այս տրամաբանությամբ մեր ռուս գործընկերները մաս առ մաս քաղաքակիրթ մոտեցումները եւ չափանիշները զիջում են ադրբեջանական ագրեսիային»:

Նախարարի տեղակալի խոսքով. «Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմին, մեզ համար ոչ մի արտառոց բան չկա, տասնամյակներ շարունակ Ադրբեջանի մշակութային քաղաքականության առանցքը դարձել է հայ մշակութային պրոցեսները խոչընդոտելը, ինչի մասին էլի եմ խոսել: Պարզապես ուզում ենք մեր ուղերձը հղել բոլոր քաղաքակիրթ հարթակներին, որովհետեւ միջազգային փառատոները ոչ միայն շուկաներ են, այլ հսկայական ներուժ ունեն հանդուրժողականության, մարդասիրական արժեքների հաստատման առումով: Փառատոների եւ ցուցադրվող ֆիլմերի շնորհիվ ազգերը սկսում են ճանաչել իրար: Իսկ երբ սկսում են ճանաչել, ընկրկում է ագրեսիան, անհանդուրժողականությունը»:

Արա Խզմալյանի ձեւակերպմամբ, ֆիլմը փառատոնի ծրագրից հանելով, փառատոնի կազմակերպիչները խորացնում են անհանդուրժողականությունն ու անհասկացողությունը, տրվում ադրբեջանական սադրանքին. «Մեր կոչն է պրոֆեսիոնալ հարթակներին, միջազգային փառատոների ղեկավարներին, որ ամոթալի է 21-րդ դարում քաղաքականացնել ազատության կոչված միջավայրերը, ազատության երաշխավոր կոչված լինելու միջազգային հարթակները, սա անթույլատրելի է եւ անընկալելի»:

Փոխնախարարից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արձագանքներ կան ֆիլմի միջազգային գործընկերներից: «Այդ ֆիլմում ընդգրկված են մի քանի երկրներ՝ Լիտվա, Գերմանիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա եւ Ավստրիա, եւ արդեն իսկ այս պահով շատ մեծ անհասկացողություն կա մարդկանց կողմից, որովհետեւ ոչ մի քաղաքակիրթ միջավայր չի կարող ընկալել նման որոշումները եւ որեւէ կերպ դա բացատրել, առավել եւս, որ ֆիլմի մի դրվագում գործողությունը տեղի է ունենում Արցախյան գոյամարտի օրերին, բայց ֆիլմը Արցախյան գոյամարտի մասին չէ: Ֆիլմը մի մարդու կենսագրության մասին է՝ անցած ճանապարհի, սիրո, խոստովանության, ափսոսանքի, մարդկային դրամայի եւ ապրումների մասին:

Ես կարծում եմ, որ փառատոնի ղեկավարները հանելով այս ֆիլմը ծրագրից՝ ուղղակիորեն ոտնահարել են նաեւ հանդիսատեսի իրավունքը, որովհետեւ հանդիսատեսն ինքը պետք է գնահատական տա ֆիլմին, որքանով է այն ճիշտ, արդարացված, գեղարվեստական եւ այլն: Ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ մարդու, մտավորականի, արվեստագետի համար նման դրսեւորումները պարզապես ամոթալի են»,-ասում է փոխնախարարը:

Նա տարակուսանք է հայտնում. «Փառատոնի ղեկավարները, որոնք ունեն բազմաթիվ հայաստանցի գործընկերներ, ընկերներ, սերտ հարաբերությունների մեջ են մեր կինոգործիչների հետ, մինչեւ որոշում կայացնելը կարող էին դիմել Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնին, քննարկել, թե ինչ ալտերնատիվ ձեւերով կարող է ֆիլմը ցուցադրվել, սակայն մենք ստացել ենք ընդամենը մի անհասկանալի կիսապաշտոնական բացատրությունը, որն ավելի լավ էր չստանայինք»:

Խնդրեցինք՝ ներկայացնել, թե ինչ հիմնավորում են ուղարկել փառատոնի կազմակերպիչները՝ ֆիլմը հանելու վերաբերյալ:

«Ասել են՝ վախեցանք, որ փառատոնը կդառնա երկրորդ Սումգայիթ, կռվախնձոր, բայց խոստանում ենք, որ երբ հերթական անգամ հաստատվի խաղաղություն, անպայման ֆիլմը կդնենք մեր ծրագրում: Սա ուղղակի վիրավորական է: Նման բառապաշարով, գնահատականներով, եթե պրոֆեսիոնալ արվեստագիտական հանրությունն է խոսում, ես ուղղակի ափսոսում եմ: Ցավում եմ, որ նման ծանրակշիռ կինոփառատոնը պարզապես վարկաբեկիչ գործողություն է իրականացրել ինքն իր հանդեպ, իսկ միջազգային արձագանքը սպասել չի տա»,-ընդգծում է փոխնախարարը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031