Արցախի տեղեկատվական շտաբում հրավիրված ճեպազրույցում ԱՀ նախագահ մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հետախուզությունից ստացված կարեւոր տեղեկություններ հայտնեց: «Պարզվում է, որ այս ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սրանք հստակ հետախուզական տվյալներ են, եւ շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միայն մի ուղղությամբ ազգությամբ լազգի 148 զինվոր է զոհվել, կան նաեւ զոհված ազգությամբ թալիշ մի քանի հարյուր զինվորներ: Սա մեր հետախուզության տվյալներով՝ լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների մեջ: Եվ առաջիկայում մենք, հավանաբար, ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային, որովհետեւ այս փաստերն իրականում մեկ անգամ եւս վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաեւ իր երկրում ապրող ազգայի փոքրամասնությունների նկատմամբ:
Ես ուզում եմ միջազգային լրատվամիջոցների մեր գործընկերներին փոխանցել, որ ժամանակին նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում արցախահայության նկատմամբ, երբ Արցախը գտնվում էր Խորհրդային Ադրբեջանի կազմում: Մի փաստարկ եմ ուզում բերել, որը կհետաքրքրի արտասահմանցի լրատվամիջոցներին: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի վերլուծությունը ցույց է տվել, որ ամբողջ Ադրբեջանի տարածքից Հայրենական պատերազմ մեկնել է 19 տղամարդուց 1-ը, իսկ Արցախում՝ 3-ից 1-ը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձել է այսպիսի քաղաքականությամբ իր կազմում կամ տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին պարզապես վերացնել»,- հայտարարեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ