Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր գործն անում ենք, մնացածը՝ թող մտածեն

Հոկտեմբեր 01,2020 10:00

Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց արդեն զուտ հայերի եւ ադրբեջանցիների խնդիրը չէ՝ Խորհրդային միության փլուզումից հետո կոնֆլիկտը ստացել է միջազգային հնչեղություն, իսկ վերջին տարիներին՝ մոտավորապես «արաբական գարնանից» սկսած, սկսել է ձեռք բերել առանցքային միջազգային նշանակություն: Բացատրությունը պարզ է. ինչպես Սիրիայում, Լիբանանում, Լիբիայում, այդպես էլ այստեղ բախվում են բազմաթիվ խաղացողների շահերը, եւ ավելին՝ Արցախի հարցում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը հիշյալ երկրներում Էրդողանի քաղաքականության բաղադրիչներից մեկն է:

Ոչ ոք չի կարծում, չէ՞, որ Սիրիայից կամ Լիբիայից Ադրբեջան «ժամանած» մարդիկ ջութակահարներ են կամ գիտաշխատողներ: Բոլոր բաց եւ, վստահ եմ, «փակ» աղբյուրները վկայում են, որ նրանք Թուրքիայի կողմից հովանավորվող միջազգային ահաբեկիչներ են, որոնք բազմաթիվ հանցագործություններ են կատարել Միջին Արեւելքում: Մեր զինվորների համար, իհարկե, առանձնապես, նշանակություն չունի, թե ում են հագցնում ադրբեջանական բանակի համազգեստը՝ եթե մարդը զենքով գալիս է մեր սահմանի կողմը, նա պետք է ոչնչացվի՝ ով էլ լինի: Ինչը եւ արվում է:

Բայց տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկրները, կարծում եմ, մտահոգվելու տեղ ունեն: Թուրքամետ ահաբեկիչների հայտնվելը Հարավային Կովկասում վտանգ է ներկայացնում, մասնավորապես, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի համար: (Ի դեպ՝ նաեւ Ադրբեջանի համար, բայց Իլհամ Ալիեւը բավականաչափ մտավոր ունակություններ չունի՝ այդքանը հասկանալու): Պուտինը, դա, իհարկե, հասկանում է, քանի որ իր երկիրը ժամանակին բախվել է նման խնդրի: Այդ մասին է խոսում ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարությունը, որով կոչ էին անում հակամարտության գոտուց հեռացնել վարձկաններին եւ ահաբեկիչներին: Բայց նման հայտարարությունները քիչ են: Պուտինը կարող է ասել Ալիեւին՝ «ստոպ», եւ Ադրբեջանի ղեկավարն այդ դեպքում դժվար թե ամբողջությամբ ապավինի «մեծ եղբոր» աջակցությանը: Բայց ՌԴ ղեկավարը դա չի անում ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Փաշինյանին, կամ՝ որ Հայաստանի դիվանագետները պատրաստ չեն բանակցությունների, ինչպես որ դա երբեմն փորձում են ներկայացնել մեր ընդդիմադիրները: Կրեմլը առայժմ չի փորձում դադարեցնել պատերազմը միայն մի պատճառով. հույս ունի, թե Ադրբեջանը կհասնի վճռական ռազմական հաջողությունների, եւ մենք ստիպված կլինենք համաձայնել միակողմանի զիջումների եւ իր խաղաղապահների տեղակայմանը:

Ինչպես տեսնում եք, դրանք սին հույսեր են՝ մենք մեր կռիվը տալու ենք եւ հաղթելու ենք անկախ նրանից՝ միջազգային խաղացողներից ով ինչ է մտածում: Չե՞ն հասկանում իրենց սպառնացող վտանգը՝ իրենց գործն է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Կրեմլը խաղաղապահներ տեղադրած է, Հայաստանի յատկապէս արեւելեան սահմանին վրայ: Հարիւր տարիներէ ի վեր:

    Ինչո՞ւ ոչ, Արցախին:

    Եթէ Ադրբեջանի հետ պատերազմը պիտի չհասնի իսկական լուծումի, եւ ամէն մի քանի տարի, դարձեալ պիտի բռնկի, հարիւրաւոր կեանքեր խլելով: Այդ կերպով, երկիրը գոնէ ժամանակ կ’ունենայ վերականգնելու:

    Այժմու պատերազմի պարագային, Արցախի մէջ խաղաղապահներ տեղադրելու նպատակով, Ռուսաստանը աչք պիտի չփակէ Թուրքիոյ ռազմակական ոտնձգութեան նկատմամբ, տուեալ տարածաշրջանում:

  2. Իրատես says:

    Նույնիսկ Ազատություն ռադիոկայանը և factor.am կայքը այս օրերին հակառուսական գիծ չեն տանում այնպես ինչպես «Առավոտ»-ն է անում։ Հարգելիներս, որպեսզի Պուտինի «ստոպ»-ը անցնի՝ պիտի դրա հետևում ինչ-որ գործողությունների սպառնալիք լինի։ Եթե հարձակվի Ադրբեջանի վրա Դաղստանից և Կասպից ծովից, Թուրքիան կհարձակվի մեր վրա ՀՀ ամբողջ արևմտյան սահմանով։ 5000 հոգանոց 102-րդ ռազմաբազան չի կարող կանգնեցնել թուրքական բանակային կորպուսին։ Այդ սցենարի դեպքում անհայտ ա որտեղ կհանդիպեն թուրքական և ռուսական բանակները և ռազմաճակատ կձևավորեն, բայց որ մեզ համար շատ վատ ա լինելու՝ դա միանշանակ է։ Կրեմլի խոսափող Սոլովյովը տեղ հասցրեց իրենց մտքերը։ Իրենց պատկերացմամբ այս փուլում կարող են ամբողջ Հարավային Կովկասում մտցնել «Бесполётная зона» ինչպես Սիրիայում են արել։ Բայց Փաշինյանը զանգում է Պուտինին ու ոչ մի բան չի խնդրում։ Հիմա մտածում են սպասեն խնդրելուն թե չսպասեն։ Իսկ մեզ մեծ օգնություն կլիներ եթե F16-երը մնային գետնին, քանի որ չունենք համարժեք հակաօդային պաշտպանություն։

  3. Հ.Շ. says:

    «արեւմտեան» սահմանին գրել կ’ուզէի անշուշտ

    այս օրերին՝ «հիւսիսը կորցրել ենք», ինչպէս կ’ըսեն ֆրանսացիները…

  4. Alfred says:

    Ստացվում է որ Ադրբեջանը ու Թուրքիան կռվում են հանուն Ռուսաստանի։ Ինչ խոսք, յուրօրինակ տեսակետ է։. Իսկ եթե Ռուսաստանը չի ուզում, կամ չի կարողանում Stop տալ, թող Ամերիկան կամ Եվրոպան Stop տան։

    • Հ.Շ. says:

      Բարեացակամ ըլլանք: Եթէ նիւթը բարձրորակ երաժշտութեան մասին լինէր, վստահաբար մենք է որ սխալ բաներ կ’ասէինք: Յուսանք կու գայ մի օր, որ կը խօսենք ու կը գրենք միայն գեղարուեստի մասին:

      Որոշ սերունդի մը մօտ, Ռուսաստանի դէմ, Կրեմլի դէմ արտայայտուիլը կարծես թէ – արդարացի – «վրէժ» մըն է, նաեւ անհրաժեշտութիւն մը, հաստատելու համար թէ ՝ հիմա այլեւս ազա՛տ ենք, ի յիշատակ այն մութ ժամանակներին, երբ որ անկարելի էր այդպէս անել:

      Այս մէկ գիծը սակայն, չէ անցած նոր սերունդին – բացի անշուշտ Երեւանի Կենդրոնի թունդ եւրոպացիներին – որոնք յաջողեցան գոյացնել այժմու ժամանակաւոր իշխանութիւնը… բայց այդ մասին, յետոյ … – :

      Որքան տարօրինակ է որ իմ նման մէկը, երախտագիտութեամբ գնահատում է որ Կամիր Բանակն ու նրա ժառանգորդ խաղաղապահները, հարիւր տարիէ ի վեր պաշտպանում են Հայաստանի սահմանագիծը: Մինչ մկրտութեան կնքահայրս՝ Սիմոն Վրացեանն է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, ամեն մեկն իր համար է կռվում: Եվ ամեն մեկն օգտոգործում է հակամարտությունն իր շահերի համար: Այստեղ ոչ մեկին մեղադրելու, ոչ մեկին «կողմ» կամ «դեմ» լինելու կարիքը չկա

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031