Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց կսովորեցնեն ռազմական գործի նրբությունները՝ պատրաստելով հետագա հավանական ռազմական խնդիրների լուծմանը. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 01,2020 07:30

Շարունակվում է կամավորագրվող կանանց զորահավաքը Օմոնի խորհրդի անդամ, փոխգնդապետ Մարինե Այրումյանի գլխավորությամբ։ Չեն գրանցում առավել քան 55 տարեկան կանանց եւ անչափահասներին, որոնք, ըստ Նարինե Այրումյանի, դիմողների շարքում շատ-շատ են: «Կանանցից մեկին մերժեցինք գրանցել, քանի որ տանն էր թողել 9 ամսական երեխային ու եկել՝ մեկնելու կռվի դաշտ: Չհամաձայնեցի գրանցել նաեւ չորս երեխա ունեցող կնոջը, թեպետ շատ էր ուզում»,- նշում է նա:

Կամավորագրվողների առողջական վիճակն առայժմ գնահատվում է միայն կնոջ նշած տվյալների հիման վրա եւ արտաքին զննությամբ: Բայց, ըստ Այրումյանի, այս գործընթացը դեռ բազմաթիվ փուլեր է ունենալու. հիմա պիտի կանայք հավաքագրվեն, հետո Պաշտպանության նախարարությունն ամփոփի տվյալները, հատկացնի ռազմամարզական դասընթացին հարմար տարածք, որտեղ կանայք պետք է անցնեն ռազմական պարապմունքներ, որից հետո փաստաթղթային ձեւակերպումներն արվեն եւ ըստ նախարարության նշած անհրաժեշտության՝ տեղաբաշխվեն: «Կանանց մի մասը ծառայելու է թիկունքում, մի մասը՝ ճակատում: Եվ մեր նախատեսած զորավարժությունների նպատակն էլ հենց այն է, որ մինչեւ ծառայության անցնելը կանայք ծանոթանան զենքին, կարողանան կատարել տարբեր մարտական առաջադրանքներ, թեպետ պիտի նշեմ, որ այս պահին գրանցված 117 կանանցից ավելի քան 30-ը տիրապետում է զենքին, ունի որոշակի փորձ»,- նշում է Մարինե Այրումյանը:

Կամավորագրվող կանայք պատերազմական գոտում կարող են կատարել ամենատարբեր գործեր՝ ծառայելով որպես մարտիկ ու մատակարար, հացթուխ ու բուժքույր, խոհարար ու կազմակերպիչ:

«Կինը ռազմի դաշտում իրականում հոգեբանական շատ մեծ դեր ունի: Պատերազմում կինը շատ անելիք ունի, նրա ներկայությունն այնտեղ ճիշտ է, կարեւոր է: Այստեղ գրանցվողներից շատերի ամուսինները, եղբայրները, քեռիները ռազմադաշտում են՝ կամ կամավոր են, կամ պահեստազորում են. եւ եթե հայրը գիտի, որ աղջիկն էլ է իր հետ պատերազմում, բառերով անհնար է ասել, թե դա հոգու ամրության համար ինչ ուժ է տալիս, ինչ տոկունություն բարդ իրավիճակներում, եւ ինչ մեծ ոգեւորություն. եւ դա էլ այն էական գործոններից մեկն է, որով մենք կհաղթենք այս պատերազմում»,- հավաստում է փոխգնդապետը:

Անսպասելի արագությամբ ընթացող այս կամավորագրումով հիմնվում է մի նոր զորամիավորում: «Այսպիսին դեռ չենք ունեցել, ես անգամ չգիտեմ, թե այն ինչպես կկոչվի: Բայց ինչ տվյալներ էլ, որ գրանցենք այս գործընթացի վերջում, ինձ համար մի բան ակնհայտ է. եթե նույնիսկ հիմա մարտադաշտում հաղթանակը գրանցվի շատ արագ, եւ եթե անգամ չհասցնենք մասնակիցը դառնալ հաղթանակի, այս գործընթացի՝ կանանց կամավորագրման հիմքի վրա կբացվի դպրոց, որտեղ կանանց կսովորեցնեն ռազմական գործի նրբությունները՝ պատրաստելով հետագա հավանական ռազմական խնդիրների լուծմանը»:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031