Արցախի տեղեկատվական շտաբն ամփոփել է օրը. 30.09.2020թ.
Հոկտեմբեր 01,2020 00:42

Այսօր տեսանք, ինչպես են ՊԲ մեր փառապանծ մարտիկները կազմակերպված գրոհով գրավում թշնամական հենակետը։

Ունեցանք նաև ցավալի լուրեր։ Թշնամական օդուժի հարվածի հետևանքով Մարտակերտ քաղաքում ունեցանք 3 քաղաքացիական զոհ և վիրավորներ։

Դիվանագիտական ասպարեզում ֆիքսվեցին կողմերի մոտեցումները․ ՀՀ պատրաստ է ամեն ինչ անել իր անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման պահանջները կատարելուց, միջազգային հանրությունը հիմնականում մտահոգ է և կոչ է անում ապաէսկալացիայի։

Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնը չմտածված և վտանգավոր է համարել Թուրքիայի ռազմատենչ և պրոադրբեջանական հայտարարությունները։

Ադրբեջանը տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառման մասին։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին, Հորդանանի թագավորին, հարցազրույց տվել «Ալ-արաբիյա» լրատվականին։

Թշնամին կորցրեց «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:

Ըստ հայկական կողմի հավաստի տեղեկությունների՝ շարունակվեց Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը մարտական գործողություններին։

ՌԴ արտգործնախարարը կողմերին հրավիրել է բանակցելու։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: