Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ, մենք Բելառուս չենք, երկրորդը՝ մենք պատերազմի մեջ ենք, երրորդը՝ մենք հաղթելու ենք այդ պատերազմը եւ մենք որեւէ մեկին որեւէ բան չունենք խնդրելու»

Հոկտեմբեր 01,2020 13:30

Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքը նշանակում է ճանաչել Արցախը

Երեկվանից քաղաքական ուժերը քննարկումներ են սկսել Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կազմելու նպատակահարմարության շուրջ: Արցախը ճանաչելու գործընթաց սկսել դեռ ձեռնպահ են մնում, չնայած ընդդիմադիր խմբակցությունները հորդորում են գնալ այդ ճանապարհով՝ ասելով. «Էլ ի՞նչ պիտի լինի, որ դա անենք, էլ ի՞նչ բանակցություն»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց. «Քննարկումներ եղել են, ես էլ մեր իրավաբան գործընկերների հետ եմ քննարկել: Մի բան ասեմ՝ իրավաբանորեն պայմանագիր կնքելն արդեն իսկ ճանաչել է, ճանաչման ակտ է: Մենք չենք կարող պետության հետ պայմանագիր կնքել՝ առանց ճանաչելու նրան որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»: Հարցին՝ բա ո՞նց են իշխանությունները միայն ռազմաքաղաքական դաշինքի մասին խոսում ու միայն այդ հարցը օրակարգ բերում՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Դա ավելի շատ արարողակարգային գործընթաց է, կոնկրետ ինձ համար՝ մենք արդեն իսկ ճանաչել ենք Արցախը, Արցախի անկախությունը՝ անգամ Ազգային ժողովի հայտարարությունն ընդունելով, որովհետեւ այդ հայտարարության մեջ գրված է՝ Արցախի Հանրապետություն: Եվ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումից մենք մտահոգվելու կարիք չունենք, օր առաջ այն պետք է կնքվի: Իսկ ինչ վերաբերում է նրան՝ առանձին հայտարարությամբ հանդես կգա՞նք ճանաչելու, դա արդեն մեր դիվանագիտական քայլերը կլինեն, որը կմտածնք՝ անո՞ւմ ենք, թե՞ չէ: Բայց պայմանագիր կնքելն առաջնահերթ է»:

Հարցին՝ առանց ճանաչելու Արցախը՝ այդ ռազմաքաղաքական դաշինքի փաստաթուղթն ի՞նչ իրավական ուժ կունենա՝ Տարոն Սիմոնյանը պատասխանեց. «Իրավական ուժ ունի, որովհետեւ դրանով մենք ըստ էության ճանաչում ենք Արցախը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եւ փոխադարձ պարտավորություններ ենք ստանձնում նրա՝ իրավասուբյեկտությունը պահպանելու ուղղությամբ»: Այդ դեպքում ինչու ենք ձեռնպահ մնում ճանաչման գործընթացից՝ Տարոն Սիմոնյանն ասաց. «Դա մեր զինանոցի քայլերից մեկն է, որը հարմար պահի ենք ուզում օգտագործել»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն ասաց, որ հնարավոր տարբեր սցենարներ քննարկում են՝ հետագա գործողությունների հետ կապված՝ ռազմական գործողությունների զարգացմանը զուգահեռ. «Այս պահին պետք է հասկանալ՝ ճանաչումը կլինի, ռազմաքաղաքական դաշինքի ձեւավորումը կլինի, թե միգուցե ավարտին հասցնել վերամիավորումը, պետք է հասկանալ դրա նպատակահարմարությունը: Իհարկե, անիրատեսական է հիմա թվում, բայց ինչ-որ պահի վերադառնալու ենք հետ բանակցային սեղան ու մեզ համար կարեւոր է նաեւ այդ բանակցային սեղանին հանդես գալու դիվանագիտական ուժեղ ճակատով եւս: Պետք է ավելի լայն հանրային քննարկման դա դնել՝ փորձագիտական շրջանակների, գործադիրի գործընկերների հետ, հասկանալու, թե ուր է դա մեզ տանելու: Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքին, ապա դե ֆակտո այդ դաշինքը կարծում եմ կա, խոսքը դե յուրե ամրագրման մասին է: Իրավիճակից կախված՝ տեսնենք ինչպիսի զարգացումներ կլինի, արդեն կգործենք»:

Թե ի՞նչ ենք մենք դրա արդյունքում ստանալու, եթե գիտենք, որ դե ֆակտո ռազմաքաղաքական դաշինք կա Արցախի հետ՝ Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց. «Ըստ էության, մենք աշխարհին ցույց ենք տալիս այն, որ ամբողջությամբ կանգնում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության օգտին: Այսօր Ադրբեջանն արդեն ռազմական գործողություններ է սահմանում ՀՀ պետական սահմանի ուղղությամբ եւ թուրք-ադրբեջանական միասնական հարձակումը Հայաստանի վրա կարող է դրդել մեզ գնալ դե ֆակտո գոյություն ունեցող ռազմաքաղաքական դաշինքի դե յուրե ամրագրմանը»:

ՌԴ-ի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բայց երկար ժամանակ ՌԴ-ն լռում էր, Հայաստանում կա տեսակետ, որ անհնար է Ադրբեջանը ձեռնարկի ոտնձգություն մեր սահմանների նկատմամբ, եթե չունենա այսպես ասած ՌԴ-ի «դաբրոն»: Ուստի Տաթեւիկ Հայրապետյանին հարցրեցինք՝ ՌԴ-ի ներգրավվածությունը Ադրբեջանի ձեռնարկած այս ագրեսիայի գործողություններում դուք ո՞նց եք գնահատում, նա պատասխանեց. «Կարծում եմ, մենք թյուրըմբռնում ունենք հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության վերաբերյալ. Կան հստակ պարտավորություններ կողմերի մեջ: Խոսքը երկու  ինքնիշխան պետությունների  հարաբերությունների մասին է, կարծում եմ, ռուսական կողմն, այս պահին, առնվազն դատելով արձագանքներից, մի կողմից Արցախի ուղղությամբ հստակ խաղաղեցման կոչեր է անում՝ պատրաստակամություն հատնելով միջնորդի դեր խաղալ, եւ միեւնույն ժամանակ ՀԱՊԿ-ի միջոցով արձագանքներ է ուղարկում, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիան փոխում է ամբողջությամբ հարցի բնույթը: Մենք պետք է մի կարեւոր բան հաշվի առնենք՝ ՌԴ-ն փաստացի ե՛ւ միջնորդ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանում, ե՛ւ Հայաստանի ռազմավարական գործընկեր է ու պետք է շատ ճիշտ կարողանա դիրքավորվել, որպեսզի որեւէ կերպ միջնորդական իր դերը չկորցնի, շատ նուրբ գիծ կա: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ավելի քան պատրաստ է եւ իրագործելու է իր պարտավորվածությունները ռազմաքաղաքական համագործակցության՝ ՀԱՊԿ-ի  շրջանակներում եւ առանձին Հայաստանի հետ ունեցած ռազմավարական գործընկերոջ պարտավորությունների շրջանակներում»:

Հարցին՝ տեսակետ կա, որ սա այսպես ասած՝ «բելառուսական մոդելն» է, Ռուսաստանը սպասում է տեսնի, թե  ինչ վիճակում ենք մենք հայտնվում, որ հետո խնդրանքով դիմենք՝ բնականաբար, խնդրանքի դիմաց ինչ-որ գին վճարելով՝ Տաթեւիկ Հայրապետյանը պատասխանեց, որ այդ տեսակետն իրավունք չունի գոյություն ունենալ. «Նախ, մենք Բելառուս չենք, երկրորդը՝ մենք պատերազմի մեջ ենք, երրորդը՝ մենք հաղթելու ենք այդ պատերազմը եւ մենք որեւէ մեկին որեւէ բան չունենք խնդրելու: Այդուհանդերձ, մենք ունենք հարաբերություններ մեր ռազմավարական գործընկերոջ հետ եւ անհրաժեշտության դեպքում դրանք իրենց ամբողջ ծավալով իրենց դրսեւորումը ստանալու են, չմոռանանք նաեւ, թե որտեղ են տեղակայված Գյումրիի 102-րդ ռազմաբազան եւ ինչ նպատակներով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել