Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան փորձում է ավարտին հասցնել մեկ դար առաջ սկսած Հայոց Մեծ եղեռնը

Հոկտեմբեր 01,2020 13:00

Հանճարեղ է ասել պարսիկ մեծ բանաստեղծը. «Կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում»…

Արդեն տեւական ժամանակ է, ինչ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, այդ թվում անգամ Թուրքիայի մտավորականության մի ստվար մասը թուրքական իշխանություններին բացահայտ հուշում են, որ այլ ճանապարհ չկա եւ վաղ թե ուշ Թուրքիան պարտադրված պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանզի ժամանակի հետ այդ օղակը աստիճանաբար սեղմում է նրա կոկորդը եւ խեղդվելուց փրկվելու միակ ճանապարհը մնում է նրա կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Տարօրինակ է, որ Թուրքիայի իշխանությունը եւ շատ լավ գիտակցում է սա, եւ վիճակից խուսանավելու իզուր քայլեր է անում: Տրամաբանական համարելով այն իրողությունը, որ մեծ հաշվով Թուրքիային ձեռնտու է մշտապես լինել Ադրբեջանի կողքին (շահերի համընկնման իրողությունից ելնելով), քանզի Թուրքիան որեւէ այլ հավատարիմ գործընկեր երկիր չունի, Ադրբեջանի, երեւի նաեւ մի երկու այլ համախոհ երկրների հետ երկարատեւ խորհրդակցություններից հետո որոշել են պատեհ առիթն օգտագործել, մեկտեղել հաճելին ու ցանկալին, օգտագործելով Ղարաբաղյան հակամարտության խաղաքարտը՝ միաժամանակ լուծել երկու խնդիր. նախ փորձել ուժային ճանապարհով Ղարաբաղը հետ վերադարձնել Ադրբեջանին, երկրորդ՝ զուգահեռաբար փորձելով կոկորդից հանել Հայոց ցեղասպանության ոսկորը եւ վերջնականապես ավարտին հասցնել մոտ մեկ դար առաջ ձեռնարկած Հայոց ցեղասպանության հարցը (բնաջնջել Հայատանն ու հայերին), քանզի նրանք քաջատեղյակ են (որն էլ իր հերթին վստահություն է ներշնչում նրանց), որ աշխարհն արդեն փոխվել է եւ ցանկացած ռազմական գործողության վերաբերյալ նրա  արձագանքը սկսվում եւ վերջանում է լոկ գեղեցիկ ձեւակերպումների (անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել խաղաղ բանակցությունները) բարձրաձայնումներով ու նրանց կողմից ընդհանրապես որեւէ պրակտիկ քայլ չի ձեռնարկվում (հենց վերջերս նույն Թուրքիայի կողմից ռազմական ագրեսիայի սանձազերծումը Սիրիայում):

Փաստացի, ասվածի վառ օրինակ կարելի է համարել հենց երեկ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի կողմից Ղարաբաղի ողջ երկայնքով սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, որի վերաբերյալ նույն կերպ, ինչպես մշտապես, մի շարք երկրների ու միջազգային կառույցների կողմից ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ արվեցին ընդամենը ոչինչ չասող հայտարարություններ եւ որոշ երկրների արտգործնախարարների մակարդակով (բացարձակ նույն կոնտեքստով)  հեռախոսազրույցներ տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

Որեւէ երկիր բառ անգամ չբարձրաձայնեց, թե Թուրքիան ընդհանրապես ո՞ր իրավունքով եւ ի՞նչ գործ ունի Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության հետ, որ հազարներով զորք ու մեծ ծավալների զինտեխնիկա է տեղափոխել Ադրբեջանի տարբեր տարածքներ՝ Հայաստանին եւ Արցախին հարվածելու համար: Ո՞ւր է ՀԱՊԿ-ը, ո՞ւր է աշխարհը, որ որեւէ մեկը հարց չի տալիս,  թե այ Թուրքիա, դու ի՞նչ ես քիթդ խոթել այդտեղ, այդ ո՞ր իրավունքով ես խառնվում ուրիշ երկրների հարցերին, դու էդ ո՞ւմ տեղն ես քեզ դրել …: Առ այս պահը  ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն…:

Ինչքա՞ն կարելի է անտարբեր լինել եւ միմիայն սեփական շահերի մասին մտածող, որ գոնե զուտ դիվանագիտական իմաստով Թուրքիային նման հարց չուղղեցին եւ դա այն դեպքում, որ հարձակումն իրականացվել է օրը ցերեկով՝ ողջ աշխարհի աչքի առջեւ: Լռեցին անգամ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցչի կողմից արված այն հայտարարությունից հետո, թե իբր հարձակումն սկսվել է հայկական ուժերի կողմից եւ դա ընդամենը շանտաժ է «սուրբ» Ադրբեջանի նկատմամբ, իսկ նա ընդամենն ընդունել է մարտահրավերը եւ պարտադրված է պաշտպանական քայլեր ձեռնարկել: Ի՞նչ է, տեղեկատվական տեխնոլոգիաների այս դարում նրանք այնքան կույր ու համր են, որ չեն արձագանքում անգամ այդ  բացահայտ ստահոտ պաշտոնական հայտարարությանը: Իհարկե, ոչ:

Նրանց ընդամենը հարկավոր չէ դա: Նույնիսկ ստացված ոչ ամբողջական տեղեկատվությունը վկայում է, որ Թուրքիա-Ադրբեջան տանդեմը չափազանց լուրջ է նախապատրաստվել այս հարձակմանը (վկայությունը երկու կողմերի զոհերի եւ վիրավորների մեծ քանակը), որ ոչ մի սրբության առջեւ կանգ չառնելով, միայն թե տոնի վերջնական հաղթանակը: Նրանք այնքան վճռորոշ են տրամադրված, որ խտրականություն չեն դնում խաղաղ բնակչության եւ բանակի միջեւ: Անգամ կանգ չեն առել աստղաբաշխական փողեր ծախսելու եւ տարբեր երկրներից մի քանի հազար մահապարտներ վարձելու առումով եւ ըստ երեւույթին երկյակն այս անգամ որոշել է այնքան լայնածավալ եւ հուժկու հարվածներ հասցնել, որպեսզի վերջնականապես հողին հավասարեցնի Արցախը եւ Հայաստանի մի շարք բնակավայրեր: Անկեղծ ասած, դրա մասին են վկայում նաեւ այսքան կարճ ժամանակահատվածում՝ մեկուկես օրվա կտրվածքով զոհերի եւ վիրավորների վերաբերյալ տեղեկատվությունը, թեկուզ  այդ ընթացքում նրանք տված լինեն մի քանի անգամ ավելի շատ զոհեր, վիրավորներ եւ զրահատեխնիկայի կորուստ: Սառը նայելով ընթացող իրադարձություններին, կարող ենք վստահաբար փաստել, որ իրականում սրանք ոչ թե պատերազմի, այլ հերթական եղեռնի իրականացմանն ուղղված քայլեր են եւ եթե դրանց չտրվի կտրուկ, համարժեք կամ շատ ավելի ուժեղ պատասխան, ապա մենք ոչ միայն կպարտվենք, այլեւ կջախջախվենք ու կունենանք թե տարածքների, թե մարդկային, թե զինտեխնիկայի մասով աներեւակայելի ու անդառնալի կորուստներ:

Վիճակը կրիտիկական է, սակայն եւ հստակ: Կամ մենք համազգային ողջ ներուժով պետք է փորձենք ջախջախելով գնալ առաջ, ուղղություն վերցնելով դեպի Բաքու՝ վերջնարդյունքում փորձելով գրավել այն (հասկանալի է, որ ասվածը չափազանց բարդ խնդիր է, սակայն ոչ երազային), կամ տալիս ենք սարսափելի շատ զոհեր եւ լավագույն դեպքում շպրտվում մեր նախկին դիրքերը, ահուդողով սպասելով, որ ուր որ է, շատ արագ այստեղից էլ մեզ ետ կշպրտեն ու կփորձեն մոտենալ ընդհուպ Երեւանին: Հարցը հենց այսպես է դրված եւ կարծում եմ իրավիճակն այնպիսին է, որ այլընտրանքներ չկան ու ընթացող իրադարձությունները փաստացի հանգեցրել են սրան: Այս հակամարտության 30 եւ ավելի տարիների ընթացքը մի բանի մասին է խոսում միայն. էլ տեղ չունենք եւ այս անգամ մեկընդմիշտ եւ վերջնական, ազգովի պետք է լուծենք այս թնջուկը, այլապես մենք պարտվելու ենք՝ հետագայում տեղ չթողնելով անգամ ներման չնչին հնարավորության…

Սա պետք է դառնա հայ ժողովրդի աստեղնային ժամը՝ վերջնական ու մեկընդմիշտ լուծելու այս բարդագույն խնդիրը, ամենակարեւորը վերջ դնելով մեր սուրբ, մատղաշ, հերոս զինվոր բալեքի զոհվելուն, քաջ գիտակցելով, որ նրանցից ամեն մեկը մի ամբողջ աշխարհ է…

Այլ ճանապարհ չունենք…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
30.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031