Կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը` իր բացառիկ նոտագրքի մասին, որոնցում հայրենասիրական ուղերձներ կան:
«Առավոտի» հյուրը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է։ Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Բաքվի եւ Անկարայի սանձազերծած պատերազմի նախօրեին «Արտագերս» հրատարակչությունը հայտնել է, որ պատրաստ է ձայնի եւ դաշնամուրի համար իր 10 ստեղծագործություններից բաղկացած «Երգեր եւ ջազային բալլադներ» նոտագիրքը։
Ընդ որում, երգերի տեքստերը ներկայացված են նաեւ անգլերեն։ «Ես ծրագրել էի անցկացնել շնորհանդես, բայց փաստորեն 2016թ. ապրիլյան պատերազմից հետո երրորդ անգամ եւ այս անգամ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ սկսված պատերազմը թույլ չտվեց իրականացնել այն։ Բայց ես միանում եմ բոլոր մայրերի հնչեցրած այն մտքին, որ մենք դատապարտված ենք հաղթելու։ Այո, մենք մեր զինվորների շնորհիվ կկասեցնենք մեր ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգը։ Իսկ նոտագիրքս սկսվում է Գեւորգ Էմինի բանաստեղծությամբ՝ «Աղոթք» երգով։ Երկրորդը Վարդան Զադոյանի խոսքերով Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված «Ես կուգամ» ստեղծագործությունն է։
Գրքում տեղ է գտել նաեւ Աշոտ Բեգոյանի խոսքերով՝ «Լսեք մեզ, մարդիկ» երգը… Ինչու եմ թվարկում հատկապես առաջին երեք ստեղծագործությունները, որովհետեւ շուրջ 30 տարի ամեն օր զոհ ենք ունենում։ Վերջապես այս հարցին պետք է վերջակետ դրվի՞, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ պատերազմն առանց զոհերի անհնար է։ Ես էլ եմ մայր, բայց հնարավոր չէ ապրել, ավելին, ստեղծագործել՝ ժամանակ առ ժամանակ լսելով սահմանում զոհերի մասին գույժը։ Կրկնում եմ՝ կասկած անգամ չունենք, որ հաղթանակը մերն է լինելու, բայց Թուրքիային եւ նրա կրտսեր եղբորը՝ Ադրբեջանին աշխարհը պետք է ճանաչի որպես ագրեսոր։ Այդ օրը հեռու չէ, այնպես, ինչպես մեր վերջնական հաղթանակը»,- ասաց տիկին Զարիֆյանը։
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում կոմպոզիտորը տեղեկացրեց, որ հիշյալ նոտագրքին նախորդել են անցյալ տարի հրատարակված իր «Կվինտետը»՝ փայտյա փողային կազմի համար եւ 2018-ին՝ «Վոկալ շարքը»` Իսահակյանի, Չարենցի, Տերյանի խոսքերով։ Մանրամասնելով էլ նշեց, որ Կվինտետը կատարվել է ոչ միայն Հայաստանում, այլեւ շուրջ երեք տարի առաջ Վրաստանում, հայ կոմպոզիտորների երաժշտության օրերի շրջանակներում, իսկ Վոկալ շարքը՝ Լոս Անջելեսում։
Տեղեկացնենք, որ Նարինե Զարիֆյան կոմպոզիտորի անունը մեծ տարածում ստացավ 1980-ականների կեսերին, երբ Կիսլովոդսկում նրա «Վերադարձ» երգը Նադեժդա Սարգսյանի կատարմամբ արժանացավ առաջին մրցանակի։ 2018թ. հեղափոխությունից հետո էլ նրա 40-ամյա ստեղծագործական գործունեությանը նվիրված երեկոն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ մենակատարների մասնակցությամբ, որը վարում էր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, իսկապես մի հանրագումար էր կոմպոզիտորական գործունեության։ Կայացած ստեղծագործական երեկոյից հետո մասնագետները հատկապես նշեցին, որ զարիֆյանական երաժշտությանը հատուկ է դասական, ակադեմիական, երաժշտական ոճերի միակցումը ջազ, ժողովրդական եւ թոփ երաժշտությանը, որով էլ հենց արվեստագետը ստեղծագործում է սիմֆոնիկ, կամերային, էստրադային, ջազ, ժողովրդական, սիմֆո-փոփ երաժշտության ժանրերում։ Բազմաթիվ մրցանակների եւ պարգեւների թվում առանձնացնենք Նարինե Զարիֆյանին շնորհված «Մովսես Խորենացի» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոսկե մեդալները։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.09.2020